/tangaran/biography.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in English Page in Armenian
Hovhannes Toumanian
1869-1923

Film

Birthplace
The Family Lineage
Education
Marriage
The Children
The journeys and travels
The Society
Civil Activity
Toumanian and the orphanage

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Թումանյանի մուտքը հասարակական կյանքի ասպարեզ սկսվել է անցյալ դարի 80-ականների վերջերին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ սկիզբ էր առել հայ ժողովրդի ազատագրական շարժման վերելքը և առավել կազմակերպված բնույթ էին կրում ժողովրդի ազգային ինքնագիտակցության դրսևորումները: 80-ական թվականների կեսից Արևմտյան Հայաստանում հանդես են գալիս առաջին հայդուկները, որոնք իրենց գործունեությունը նվիրում են արևմտահայ ժողովրդի ազատագրության գործին: Առաջանում են քաղաքական գաղտնի խմբակներ և ընկերություններ (1888-ին ստեղծվում է հնչակյան կուսակցությունը, 1889-ին «Երիտասարդ Հայաստան» խմբակը): Ազատագրական շարժման գաղափարական դրսևորումները կենտրոնանալով հատկապես հայաշատ Թիֆլիսում, ընդգրկում են տեղի առաջադիմական երիտասարդությունը, որը տոգորված ազգային-հայրենասիրական գաղափարներով, սպասում էր սատարելու արևմտահայ եղբայրակիցների փրկության գործին: Թումանյանի առաջին ոտանավորներում աչքի է զարնում պատանի հեղինակի ազգային-հայրենասիրական ոգին ինչպես նաև հայդուկային որոշ տրամադրություններ, որոնց շուտով բանաստեղծը աշխատում է տալ գործնական բնույթ: Ընկերոջ` Անուշավան Աբովյանի վկայությամբ, դեռևս 1886-87 թթ. բանաստեղծը հաճախում էր գաղտնի ժողովների: Կնոջ` Օլգա Թումանյանի հավաստմամբ, ամուսինը կապված էր հայ ազատագրական շարժման առաջին գործիչներից մեկի` Ալ. Գոլոշյանի հետ: 1888 թ. նա ատրճանակ էր գնել վերջինիս հետ Արևմտյան Հայաստան մեկնելու համար, բայց հիվանդանալով` ետ էր մնացել: Սրանով չի վերջանում նոր հասարակական կյանք մտնող երիտասարդի կապը ազատագրական շարժումների հետ: 1890 թ. ամռանը Թումանյանը բանակցություններ է վարել առաջին ժողովածուն Մոսկվայում տպագրելու համար: Այդ մասին ճշգրիտ տեղեկություններ կան Մ. Բարխուդարյանի տպարանի աշխատակից Է. Ավետիսյանի` Թումանյանին ուղղած նամակներում ժողովածուն տպագրության ներկայացնելու հանգամանքների մասին, միաժամանակ վկայում, որ բանաստեղծն այդ միջոցին գաղտնի խմբակի անդամ է եղել:
Առաջին նամակը Թումանյանը գրել է 1890 թ. հունիսին, և բանաստեղծությունների տետրի հետ ուղարկել Է. Ավետիսյանին: Վերջինիս պատասխանած նամակում, գործնական բանակցություններից բացի , տեղյակ լինելով, որ Թումանյանը «Երիտասարդ Հայաստան» խմբակի անդամ է, հարցնում է. «Արդյոք ինչպե՞ս է շարունակվում ձեր ընկերության գործը, կամ թե գոյություն ունի՞, թե ոչ, խնդրեմ գրես»: Այս տպավորությունը Ավետիսյանը ստացել էր ոչ միայն Թումանյանի հայրենասիրական ստեղծագործություններից, այլև այն բանից, որ հեղինակը հարում էր գաղտնի քաղաքական կազմակերպության և քաջատեղյակ էր հայրենիքում տեղի ունեցող դեպքերի ընթացքին: Նորաստեղծ գաղտնի կազմակերպությանը հարելու մասին գրված են ընկերոջ`Ան. Աբովյանին հղած նամակներում.-«Մկրտիչն ասաց, որ քեզ գրել է, թե Հովսեփ Արղությանին սպանել են, սուտ է բոլորովին, ես ընկերության մեջ եմ»: Հիշատակված ընկերությունը Դաշնակցություն կուսակցությունն է, իսկ Արղությանը «Երիտասարդ Հայաստան» գաղտնի քաղաքական խմբի անդամներից էր: Երբ 1890 թ. ամռանը ստեղծվում է Դաշնակցություն կուսակցությունը, որպես քաղաքական խմբակ «Երիտասարդ Հայաստան»-ը մտնում է այդ կուսակցության մեջ: Փաստերն հաստատում են Թումանյանի «Երիտասարդ Հայաստան» խմբակի անդամ լինելը, և հայտնի է նաև այդ խմբակի`դաշնակցությանը միանալը:
Թիֆլիսի հայ հասարակական մտքի վրա իշխողը «մշակական» երիտասարդությունն էր, որի մեջ մտնում էին մեծ մասամբ ժողովրդի ազատության գաղափարներով համակված մտավորականության տարբեր բնագավառների ներկայացուցիչներ: Այդ կազմակերպության ազատագրական կոչերին հետևում էին նրանք, ում համար թանկ էր արևմտահայ ժողովրդի ազատագրումը, հայկական հարցի լուծումը:
Թումանյանի հասարակական գործունեության մեջ աչքի ընկնողն ամենից առաջ սկզբունքայնությունն է, ինքնուրույնությունը, անկախ նրանից` գործը որևէ կուսակցությա՞ն մեջ է, թե՞ այս կամ այն հոսանքին պատկանող պարբերականի: Այս իմաստով շատ հետաքրքրական են Թումանյանի հետևյալ խոսքերը «…ուրիշին հարգելուց առաջ ես ինձ եմ հարգում-իմ կարծիքս և իմ հասկացողությունս, ինչ չափով էլ որ կան: Ես իմ «եսը» ուրիշի ազդեցության չեմ զոհելու երբեք, բայց կհարգեմ ու կպաշտեմ մինչև անգամ, եթե կար մի հանրօգուտ միտք…»: Ապա .«ոչ մեկի զինվորը չեմ (Աստված փրկի, ազատի)»: Թումանյանը լցված գործելու անսպառ եռանդով, միշտ ուղիներ է որոնել ծառայելու իր ժողովրդի ազատագրության գործին: Դրանով է բացատրվում 1895-ի նրա մասնակցությունը Արևմտյան Հայաստանից Կովկասում հանգրվանած հայ գաղթականությանն օգնող կոմիտեների աշխատանքին Թիֆլիսում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Էջմիածնում և այլուր: Քաղաքական հոսանքներին պատկանող երիտասարդության հետ Թումանյանը շփվում էր հասարակական ընկերությունների ժողովներում, մասնավորապես հրատարակչական ընկերության գրասենյակում, «Մուրճ»-ի և «Տարազ»-ի խմբագրատներում, նաև «որոշ կուսակցական գունավորում» ունեցող երեկույթներին, որոնց նա առավել հաճախ էր մասնակցում 90-ական թ. սկզբներին:
Թումանյանի այդ տարիների համագործակցությունից և ժամանակակիցների հուշերից երևում է, որ 1893-96 թթ. բանաստեղծը միառժամանակ համակրել և հարել է Հնչակյան կուսակցությանը: Ըստ ժամանակակիցների` Հնչակյան կուսակցությանն է հարել Ղ. Աղայանի ազդեցությամբ: 1895 թ. հունվարի 17-ի նամակում, ուղղված Ա. Ղլտճյանին, Թումանյանը հայտնում է, որ ընտրվել է «Հանգանակող և գործադրող կոմիտետ», որի հաստատությունը ուշանում է: 1895 թ. նոյեմբերին Թումանյանը կատարում է մի երկար ուղևորություն Բորժոմ – Ախալցխա – Ախալքալաք –Ալեքսանդրապոլ -Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Երևան-Էջմիածին ուղեգծով: Նրա խնդիրն է եղել հիշյալ վայրերում կազմակերպելու «Հանգանակող և գործադրող կոմիտեի» մասնաճյուղեր կամ «տեղական կոմիտեներ»: Թումանյանի հասարակական գործուն կյանքը դեռ 1890-ականներից չէր վրիպել Թիֆլիսի պահնորդական բաժնի գործակալների ուշադրությունից: Առաջին փաստաթուղթը, որտեղ հիշատակվում է Թումանյանի ազգանունը, թվագրված է 1901, հունիսի 7: Այդ գրությամբ խնդրվում է ժանդարմական վարչություն ուղարկել Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության անդամների և վարչության կազմի ցուցակը, նշելով 1900 թ. անվստահելի քաղաքացիների անունները: 1899 թ. կառավարչապետ Գոլիցինի հրամանով Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը լուծարքի է ենթարկվում, դառնալով միայն Թիֆլիսի բարեգործական կազմակերպություն, որոշակի սահմանափակումներով: 1899 թ. սեպտեմբերի 19-ին տեղի է ունենում վերակազմված ընկերության ընդհանուր ժողովը և վարչության ընտրություն, երբ ընկերությանը կրկին անդամակցվում է Թումանյանը, բայց այս անգամ ընտրվում է նաև վարչության փոխանդամ: Ընկերության վարչության մեջ եղել են Թումանյանի մտերիմները` Մարիամ Թումանյան, Ֆիլիպ Վարդազարյան, Արիստակես Զարգարյան (վարչության նախագահը Մ. Դոլուխանյանն էր), որոնց հետ ունեցած բանաստեղծի հաճախակի հանդիպումները, ժողովներին մասնակցելը հայտնի է եղել ժանդարմական վարչությանը: Թումանյանի անունը պահնորդական բաժնում կարող էր լինել նաև մեկ այլ պատճառով, քանի որ բարեգործական ընկերության գործունեությունը գաղտնի չէր:
Նույն ժամանակ` 1899-1900 թթ. ուսումնական տարում, աշակերտական «Ծիածան» գաղտնի ընկերության «մայր խմբի» հետ Թումանյանն իր բնակարանում պարապում էր հայ գրականություն: Ընկերությունը ստեղծվել էր այն ժամանակ, երբ գոլիցինյան հայտնի հրամանով դպրոցական ծրագրերից հանվել էին հայոց լեզուն, հայ գրականությունը, և հայ առաջադեմ շատ գործիչներ գաղտնի պարապմունքներով պատանեկությանը մերձեցնում էին մայրենի լեզվին և հայ մշակույթին, նրանց մեջ սերմանում ազգային արժանապատվության զգացում, նպաստում նրանց ազգային ինքնագիտակցության զարգացմանը: Ամենայն հավանականությամբ այս գաղտնի դասերը ինչ-որ ձևով հայտնի են դարձել ոստիկանությանը, գումարվել Թումանյանի բարեգործական ընկերության հետ ունեցած առնչության փաստին և նրա անունը գրանցվել է 1900 թ. Թիֆլիսի քաղաքական կասկածյալների ցուցակում: 1900 թ. Թումանյանն անդամագրվում է նաև Երվանդ Լալայանի հիմնադրած Ազգագրական հրատարակչական ընկերությանը: «Ազգագրական հանդեսի» համար ընտրված խմբագրական հանձնաժողովի նիստերը տեղի են ունեցել Լալայանի բնակարանում և վերջում վերածվել գրական երեկույթների: Երվանդ Լալայանի բնակարանում պարբերաբար հավաքվելու պատճառով 1902 թ. փետրվարյան մի գիշեր խուզարկվել են որոշ անդամների բնակարանները, բռնագրավվել են գրքեր, ձեռագրեր, նրանց էլ բանտարկել են: Նույն թվականի փետրվարի սկզբներին ոստիկանները հետապնդել են բանաստեղծին, հսկել տունը և համոզվել, որ փետրվարի 7-ից նա տանից դուրս չի գալիս: Փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը Թումանյանի բնակարանում ևս խուզարկություն է կատարվել և իբրև իրեղեն ապացույց վերցվել է մի գիրք: Թումանյանը չի ձերբակալվել հիվանդության պատճառով:
Օլգա Թումանյանի վկայությամբ, 1888 թ. ամուսնանալիս, երիտասարդ բանաստեղծը ունեցել է երկու գիրք. «Վերք Հայաստանի»-ն և «Հյուսիսափայլ»-ի մի համար: Ինչպես երևում է «խուզարկության արձանագրությունից», 10-12 տարվա ընթացքում Թումանյանն իր սուղ միջոցներով կարողացել է ստեղծել այն օրերի համեմատ մի պատկառելի գրադարան, բաղկացած ավելի քան 2000 գրքից, մեծ մասամբ հայերեն: Խուզարկուի այն հարցին, թե կա՞ն արդյոք անթույլատրելի գրքեր, Թումանյանը պատասխանել է, թե անտեղյակ է իր գրքերի լեգալ կամ անլեգալ լինելու մասին և ցույց է տվել Զարուբինի “Современные социалисты и революционеры” (1879, Петербург): Սա մի գիրք է` գրված անցյալ դարի ռուս հեղափոխականների դեմ, որ պրոպագանդում է անխնա ոչնչացնել մատերալիզմն իր բոլոր տեսակներով: Թումանյանը դիտավորյալ է խուզարկուի ուշադրությունը հրավիրել հատկապես այդ գրքի վրա, իրենից քաղաքական մեղադրանքը հեռացնելու համար և հասնում է նպատակին. նույն թվականի ապրիլի 12-ին, համաձայն ստացած ծանուցագրի նա ներկայանում է IV քաղաքամասի պրիստավին և ետ ստանում, որպես ապացույց տարված գիրքը: Թումանյանը կասկածի տակ է եղել, որպես ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի անդամ, պատճառը Լալայանների բնակարանների երեկույթներին սոցիալ-դեմոկրատ Գ. Ղարաբյանի (Արկոմեդ) մասնակցությունն էր, մի ազգանուն, որ լավ ծանոթ էր պահնորդական բաժնին: Չնայած խուզարկությունը ոչ մի արդյունք չի տվել, այնուամենայնիվ, այս անգամ ևս բանաստեղծի անունը մնացել է կասկածելիների ցուցակում: Երկու անգամ կասկածելիների ցուցակում հայտնվելը չէր կարող ինչ-որ չափով չարգելակել նաև բանաստեղծի գրական գործունեությանը: 1903-ի աշնանը մահափորձ է կատարվում փոխարքա Գոլիցինի դեմ, որը թեպետ անհաջող է անցնում, բայց, հասկանալի է, ուժեղանում են ոստիկանական հետապնդումները: 1904 թ. այդ խառն օրերին Թումանյանը չէր կարող դուրս մնալ պահնորդական բաժնի գաղտնի գրություններից: 1903-ի դեկտեմբերից Թումանյանն իբր եղել է կուսակցական ակտիվ գործիչ և նույնիսկ տնօրեն գաղտնի տպարանի: Իրականությունն այն է, որ 1903-1904 թթ. արդեն հռչակված գրող լինելով, նա ընկերներ ու բարեկամներ ուներ գրեթե բոլոր կուսակցություններում: «Թումանյանը ամենքինն էր,-գրում է Խանոյանը,-նրան բոլորն էլ սիրում էին: Ինքն էլ խտրություն չէր դնում սրա ու նրա մեջ. նրա համար բոլորն էլ «մեր տղաներն» էին»: Չի բացառվում, որ նա կարող էր կասկածանքի ենթարկվել հենց իր այդ կարգի կապերի համար: 1905-ի փետրվարին, երբ սկսվեցին հայ-թուրքական ընդհարումները, Թումանյանն իր ամբողջ էությամբ նվիրվեց հարազատ ժողովրդի ինքնապաշտպանության և երկու հարևան ժողովուրդների հաշտեցման գործին: Բաքվի կոտորածից (1905 թ. փետրվարի 6-9) անմիջապես հետո հայ և թուրք մտավորականների որոշմամբ Թիֆլիսում կազմակերպվում է ցույց, որի նախապատրաստման առաջին շարքերում էր Թումանյանը: Ցույցերն արվում էին ոչ միայն հանուն անդրկովկասյան ժողովուրդների հաշտության. դա եղել է նաև որոշակի վերաբերմունքի դրսևորում ցարական կառավարության, կոտորածների կազմակերպիչների դեմ:
1905 թ. նոյեմբերի 22-ից ազգամիջյան սուր ընդհարումներ են սկսվում Թիֆլիսում, որից հետո Թումանյանն ընտանիքով տեղափոխվում է հայրենի Դսեղ և ամբողջովին նվիրվում Լոռու ինքնապաշտպանությանը:
Նոյեմբերի վերջերին տեղի է ունենում Բորչալուի թուրքերի հարձակումը Թիֆլիսի վրա, միաժամանակ ուժեղանում են բանվորական գործադուլները: Լոռում սկսվում են ագրարային շարժումներ, Հաղպատի գյուղացիները ապստամբում են տեղի կալվածատերերի դեմ: Ոստիկանությունը միմյանցից չէր տարբերում հեղափոխության տարբեր արտահայտությունները: Նրա համար միևնունն էին քաղաքի գործադուլավորը և իր կյանքը փրկելու համար զենք վերցնող հայ գյուղացին կամ սպիտակ դրոշակակիր բանաստեղծը: Ժողովրդի ինքնապաշտպանությունը համարվում էր տեռոր թուրքերի դեմ: Եվ քանի որ Թումանյանն արդեն վաղուց «կասկածելի քաղաքացի» էր, պահնորդական բաժնում նրա անունը մտնում է «տեռորիստ հեղափոխականների» ցուցակի մեջ: 1905 թ. գրություններից մեկում հանդիպում ենք այսպիսի մի փաստաթղթի. “Краткий список лиц, вошедших в сферу наблюдения в г. Тифлисе с 1-го февраля по 2-ое марта 1905 года”: Ցուցակի մեջ մտնում են հայ, վրացի, ռուս, հրեա հեղափոխականներ, տարբեր կուսակցության պատկանող: Յուրաքանչյուր անվան դիմաց գրված է կուսակցության պատկանելիությունը և ոստիկանության հսկողության մեջ նրանց տրված կեղծանունը. Թումանյանը հետապնդվում էր Жокей կեղծանունով: Հայտնի է, որ բանաստեղծը ինքնապաշտպանության գործին մասնակից էր Բաքվի կոտորածից անմիջապես հետո, տակավին գավառներում ընդհարումներ չսկսած: Նա հսկողության տակ էր 1905 թ. փետրվարի 1-ից, դեռ Բաքվի դեպքերից առաջ: Այստեղից և պահնորդական բաժնի վերոհիշյալ փաստաթղթերից հետևում է, որ բանաստեղծի 1908 թ. բանտարկության պատճառը չպետք է փնտրել միայն 1905-06 թթ. նրա գործունեության մեջ, դա միայն պատրվակ էր: 1905 թ. սեպտեմբերից գաղտնի գրությունում հաճախ է կրկնվում «Շմակովս» կեղծանունը. սա այն գործակալն է, որ հետևել է Թումանյանին հատկապես Լոռու, Բորչալուի շրջանում ու վայրիվերո, իրարամերժ տեղեկություններ ուղարկել բանաստեղծի մասին Թիֆլիսի ժանդարմական վարչություն: Մի տեղ Թումանյանն իբր միջնորդ է դաշնակցության ու գյուղական կոմիտեների, մի այլ տեղ` դատի է տրված դաշնակցությունից ինչ-որ գումար վատնելու համար, կամ Իսահակյանի հետ մասնակից է տեռորիստական խմբակի, Քոլագերան կայարանում նրա հրամանով սպանվել են երեք թուրք և այլն: Նման մի անհեթեթ մեղադրանք հիշատակվում է Թումանյանի զինվորական նահանգապետ Զոլոտարյովին ուղղած պաշտոնական նամակում, որ իբր թե «բանաստեղծը սպանել է խեղճ անտառապահին` կողոպտելու նպատակով»: Նամակն անթվակիր է, բայց բոլոր տվյալներից երևում է, որ գրված է 1906-ի մայիսին, ճիշտ այն օրերին, երբ «Շմակովը» հետևում էր Թումանյանին Լոռու շրջանում: 1906 թ. մայիսի 18-ի գրության մեջ ներկայացվում է մի այլ «մեղադրանք». «Լոռու շրջանում նա, կարծես գեներալ-գուբերնատոր է, նրան է ենթարկվում ամբողջ տեղական ղեկավարությունը և ոստիկանությունը: Նա շրջում է գյուղերում, դատ ու դատաստան տեսնում, տուգանում է գյուղերը… մինչև 500ռ….»: Ճշմարտությունն այն է, որ Թումանյանն անխնա էր գողերի, ավազակների, խառը դրությունից օգտվող ու ամեն տեսակ օրենքներ ոտնահարող կալվածատերերի նկատմամբ: Բայց մատնիչը խորամանկ է, որպեսզի կարողանա պատճառաբանել Թումանյանի ազատ գործունեությունը, նրան համախոհ է հռչակում գավառի պաշտոնյաներին, հատկապես գավառապետին ու նրա օգնականին, պնդելով, որ վերջինները կաշառված են, Թումանյանի միջոցով դաշնակցությունից ստացել են 10.000 ռուբլի:
1906-ի մայիսի վերջերին Թումանայնն արդեն տեղյակ էր, որ իր գործունեությունից դժգոհ են Թիֆլիսի պաշտոնյաները և կարգադրություն է արված իր ձերբակալության մասին, բայց այդ լուրերին նշանակություն չտալով, բանաստեղծը շարունակում էր գործել Լոռիում, անձամբ շրջելով, աջ ու ձախ գրություններ ուղարկելով` պայքարում էր նույն սկզբունքայնությամբ: 1908 թ. դեկտեմբերին, Թիֆլիսում և հայաշատ այլ վայրերում սկսում են ձերբակալությունների: Զոհերը մեծ մասամբ հայ մտավորականներն էին, կուսակցական թե անկուսակցական, մոտ 160 հոգի`գրողներ, ուսանողներ, հասարակական գործիչներ, բժիշկներ, իրավաբաններ և այլն: Բոլորի մեղադրանքը մտնում էր նույն «Դաշնակցության գործ»-ի մեջ: Թումանյանը որդու` Մուշեղի հետ բանտարկվում է 1908 թ. դեկտեմբեր 23-ի լույս 24-ի գիշերը: Բանտարկյալ Թումանյանի առաջին հարցաքննությունը տեղի է ունեցել հունվարի 3-ին: Թվարկելով իր անմեղությունն ապացուցող փաստեր, որոնք բոլորը կարելի է հաստատել պաշտոնական թղթերով, նամակներով, հեռագրերով ու կենդանի վկաներով, Թումանյանը գրում է, թե գործել է հեղափոխության եռուն շրջանում, և, չնայած դրան, առաջնորդվել է ո´չ կուսակցական մղումով կամ «…ո´չ ինչ-որ մեկին դուր գալու համար, այլ խորը գիտացությամբ ու մաքուր խղճով, դատելով իբրև գրող-բանաստեղծ, որը ծառայում է հանուն լավ և ազնիվ գործի: Այդպես եմ ես հասկացել ժողովրդի շահերը»: Այս ցուցմունքները, ինչպես և փոխարքա Վորոնցով-Դաշկովին և Թիֆլիսի ժանդարմական վարչության պետին ուղղված խնդրագրերը, արժեքավոր վկայություններ են սկզբունքային մարդու և մեծ քաղաքացու մասին: Սեփական և ազգային բարձր զգացողությամբ էր նա գրիչ վերցնում, առանց որևէ զիջում անելու դիմացինի պաշտոնին, չվախենալով իրեն շրջապատող բանտի պարիսպներից և սպառնացող ցրտաշունչ հյուսիսից: Հավատ սեփական անձի ու գործի նկատմամբ և լավատեսություն-սրանք էին առաջնորդում բանաստեղծին: Նա վրդովված էր, մանավանդ իրեն տրված «տեռորիստ» մեղադրանքից. «Դուք կարծում եք, որ ես ընդունակ էի ատրճանա՞կ օգտագործելու,-գրում է նա,-բայց ինչպե՞ս կարող էի ես չօգտվել մի զենքից` իմ բանաստեղծական տաղանդից և իմ գրչից, որոնք, հավատացեք ինձ, ավելի զորավոր են, քան բոլոր տեսակի ատրճանակները»: Խնդրագրերի մեջ Թումանյանը խնդրողի դերում չէ, այլ բողոքողի: Նա պահանջում է հայտնել իր մեղադրանքն ապացուցող բոլոր փաստերը, որպեսզի կարողանա մեկ-մեկ հերքել, հակառակ դեպքում ինքն էլ կարող է նմանվել այն մարդկանց, որոնք ամիսներով մնում են բանտերում և ապա անմեղ ճանաչվելով` ազատվում:
1909 թ. մարտ-ապրիլ ամիսներին Թումանյանին վերաբերող գաղտնի գրությունների վրա հայտվում է քննիչ Լիժինի անունը, որը հայտնի էր իր դաժանությամբ: Տեսնելով, որ ժամանակ է պետք համոզիչ մեղադրական գործ ստեղծելու համար, նա համաձայնություն է տալիս երաշխավորությամբ ազատելու մի քանի բանտարկյալների, այդ թվում Թումանյանին, իսկ Մուշեղ Թումանյանը հինգ ու կես ամիս Մետեխի բանտում մնալով` անպարտ է ճանաչվում: Բանտից ազատվելուց հետո, (1909 թ. հունիսի 13-ից) Թումանյանի վրա ավելի խիստ հսկողություն է սահմանվում: Պահնորդական բաժինը հաճախակի գրություններ է ստանում, որ “Жокей”-ը Թիֆլիսում է, և «շարունակում է հանցագործությունները». Օրինակ` հրաման է տվել տեռորիստներին «սպանելու մատնիչ Շահ-Աբաս Շահվերդովին», այսինչ օրը թաղման և ապա եկեղեցում հավաքույթի է գնացել Աղայանի, Փափազյանի հետ, կամ, իր տանը հյուրընկալելով Իսահակյանին, Ս. Հակոբյանին, բժիշկ Ա. Թադևոսյանին, զրուցել է աշակերտական կազմակերպություն ստեղծելու, բանտարկությունների պատճառով Գևորգյան ճեմարանում և Ներսիսյան դպրոցում ուսուցիչների պակասի մասին և այլն: Սրանք տարբեր գրություններից քաղված «փաստեր» են, որոնք հաղորդված են նրա ամեն քայլի մեջ մտածված հանցանշաններ և ստեղծող հատուկ մարդու միջոցով:
Իրականում ինչո՞վ էր զբաղված Թումանյանը: 1909 թ., օգոստոսի 16-ին, երբ բանաստեղծը երաշխավորությամբ ազատվել էր կալանքից, նա մեկն էր այն ինը մտավորականներից, որոնց հրավիրել էր Ավ. Արասխանյանը` «Գրականագետներին, գիտնականներին, մանկավարժներին օգնող հայոց ընկերություն» ստեղծող հիմնադիր ժողովին մասնակցելու: 1910 թ. ապրիլի 24-ին, Թումանյանը նույնպես ստորագրում է այդ ժողովի որոշած կանոնադրության նախագծի տակ: Արդեն ամռանը բանաստեղծը ստանձնում է «Հորիզոն» օրաթերթի խմբագրությունը, և մի նոր թափով մտնում հրապարակախոսական գործունեության մեջ, շարունակում է պատրաստել «Լուսաբեր» դասագրքի տարբեր տարիները, «Հայ գրողներ» քրեստոմատիայի II հատորը և այլն: 1911 թ.հունվարին լուրեր են տարածվում պահնորդական բաժին, թե «Հորիզոն»-ի խմբագրատունը դաշնակցության ղեկավարների ժամադրավայրն է, և հունվարի 12-19-ը գաղտնի հսկողություն է սահմանվում խմբագրատան շուրջը: 19-ի ցերեկը խմբագրատուն են ներխուժում պահնորդական բաժնի գործակալները, խուզարկում, կալանավորում են Թումանյանին, թերթի այլ աշխատակիցների ու պատահական այցելուների: Կրկնվել են Թումանյանին տրված նախկին բոլոր մեղադրանքները` նոր խմբագրումով և հարստացած քննիչ Լիժինի երևակայության նոր պտուղներով: Բանաստեղծի բնակարանում չորս ժամ տևած խուզարկության եզրակացությունը ցույց է տալիս, որ ոստիկանությունը զենք է փնտրել և գաղտնի նամակագրություն, որովհետև ըստ լրտեսական տվյալներ, իբրև թե Թումանյանն էր տնօրինում զենքի պահպանության գործը Թիֆլիսում և նրա տանն էր գտնվում դաշնակցության գաղտնի գրագրությունը: Այդպիսիք չհայտնաբերելով պահնորդական բաժին են տարվում մի փոքր դանակ, երկու բանալի, բանաստեղծի ձեռագրերը, ստացած նամակները և այլ նյութեր, որոնք հետո պաշտոնապես վերադարձվում են մեկ օր անց: Այնուամենայնիվ, Թումանյանին մեղադրելու համար հանցանշանների բացակայությունը չի արգելում, որ Պետերբուրգի կառավարական սենատի կարգադրությամբ, երաշխավորությամբ ազատված բանաստեղծը, 1911 թ. հոկտեմբերի 31-ին նորից ձերբակալվի և տեղափոխվի Պետերբուրգ: Այսպիսով, առանձին կարևորություն է ներկայացնում Հովհ. Թումանյանի և պահնորդական բաժնի փոխհարաբերության, բանտարկության և դատավարության պատմությունը: Ուշագրավ է այն, որ բանաստեղծը հուսահատության, հոռետեսության, արածի նկատմամբ ափսոսանքի որևէ զգացում չի ունեցել: Նույնիսկ դատավարության օրերին, տակավին պարզ չէր, թե ինչ վախճան է ունենալու գործը, նա ունկնդիր էր, միայն իր ներքին ձայնին. «Լինել մաքուր ու արդար` էդ մեծ բան է: Դա տալիս է կայտառություն և ամեն, ամեն ինչ, և առողջություն»: Իհարկե Թումանյանի ցուցմունքների ու դատի ժամանակ իր` ՀՀ դաշնակցության անդամ լինելը ժխտող փաստարկներով չի կարելի որոշել նրա` այդ կուսակցության մեջ լինել-չլինելու հարցը: Բացի ժանդարմական վարչության նյութերից, առայժմ միակ վկայությունը Արշակ Ջամալյանի հուշն է այն մասին, որ Թումանյանը 1905 թ. ապրիլին դաշնակցության կովկասյան առաջին շրջանային ժողովին մասնակցել է որպես Թիֆլիսի կենտրոնական կոմիտեի անդամ: Սակայն նրան հետաքրքրողը միայն ինքնապաշտպանությունն էր, խաղաղությունը, որի սպիտակ դրոշը հակասում էր ցարական բյուրոկրատիայի` ժողովուրդների համար հնարած չար խաղին: Բանաստեղծը կարողացավ ապացուցել, որ ինքը միայն խաղաղության համար է գործել և Պետերբուրգի կառավարության սենատի հատուկ ատյանում 1912 թ. մարտի 20-ին ազատ ճանաչվելով, ապրիլին վերադարձավ տուն:
Չնայած պատերազմական դրությանը և քաղաքական հեղհեղուկ պայմաններին 1916-1917 թթ. մշակութային կյանքը Թիֆլիսում նոր վերելք է ապրում: Հայ գրողների ընկերությունն անհրաժեշտ է համարում մշակույթն իր մեջ կենտրոնացնող ընկերության ստեղծումը: 1917-ին հիմնադրվում է «Հայկազյան ընկերությունը» , որի ծրագիրը հետևյալն էր. հիմնել հայոց ակադեմիա, դնել հայկական համալսարանի հիմքը, զարգացնել հայագիտությունը, բազմակողմանի ուսումնասիրել և ի մի բերել Հայաստանի աշխարհագրությունը, պատմությունը, գրականությունն ու գեղարվեստը: Նյութապես ապահովել հայ գիտնականներին, գրողներին, գեղարվեստագետներին: Ընկերությունը ստեղծվեց, սակայն երկար չգոյատևեց. Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում, իր հետևանքներով նոր չարիք բերեց հայ ժողովրդին և հիմնովին խորտակեց Թումանյանի ծրագրերի իրականացման հնարավորությունը: Սակայն զուր չանցան նրա ջանքերը. հայկական համալսարանի հիմքը դրված էր: 1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում բացվեց առաջին հայկական համալսարանը:
1912 թ. ապրիլին Թումանյանի ղեկավարությամբ հիմնվում է «Հայ գրողների կովկասյան ընկերությունը», որի նախագահն է ընտրվում բանաստեղծը: Նա շատ ժամանակ ու եռանդ է տրամադրել «Ընկերությանը», զբաղվել գրական խնդիրներով և գրողների նյութական դրությունը բարելավելու հարցերով: Թումանյանի այս գաղափարը, որ գրականությանն ազգային պաշտպանություն է պետք, դառնում է նրա գործունեության նշանաբանը, հատկապես Հայ գրողների ընկերության շրջանում:
1914 թ. հոկտեմբերին, նախքան ռուս-թուրքական պատերազմի սկսվելը, Թիֆլիսում ստեղծվում է «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե», որը մշակութային և հոգևոր գործիչների մասնակցությամբ ծավալում է լայն գործունեություն: 1914-1915 թթ. Թումանյանի հասարակական ողջ գործունեությունը կապվում է հիշյալ ընկերության կենտրոնական կոմիտեի հետ: Այդ կոմիտեն իր հերթին ենթարկվում էր Հայոց ազգային բյուրոյին, որին Թումանյանն անդամակցում էր նրա գոյության առաջին օրից` 1912 թ. հոկտեմբերի 30-ի հիմնադիր ժողովից: Այդ օրերին Թումանյանի յուրաքանչյուր հոդված հայ զինվորին և ամբողջ ժողովրդին մղում էր ազատագրական պայքարի, ոգևորում նրանց հաղթանակի հավատով:
1917-1918 թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918 թ. մարտին Թիֆլիսում ստեղծվեց «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ ընտրվեց Թումանյանը:
1921 թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալ.Մյասնիկյանի հրավերով բանաստեղծը եկել էր Երևան` Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա խնդրում է իրեն ազատ թողնել գրականությամբ զբաղվելու համար, սակայն շրջելով Երևանի փողոցներով տեսնելով ծանր ու դաժան պատկերներ` բանաստեղծն այսպես է ասում. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ: Այս գործը վերջին էր, որ Թումանյանը հասցրեց անել հայրենիքի համար: