/tangaran/namakani.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թումանյանի նամակները
Նամակներ Թումանյանին
Հուշեր
Մեծերը Թումանյանի մասին
Այցեքարտեր

ՍԵԴՐԱԿ ԲԱԼԱՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՄ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ

Թիֆլիս — Բաքու
1897 թ. մարտի 5, Թիֆլիս
Սիրելի Սեդրակ և Արամ.
Գրականության և գրողներին ապահովելու միտքը թեև վաղուց է, որ կա մեր մեջ, բայց միևնույն ժամանակ այնքան նոր է, որ ապշեցնում, զարմացնում է նույնիսկ մեր խմբագիրներին ու հրապարակախոզերին:
Ահա նրանք չեն կարողանում թաքցնել իրանց փոքրիկ հոգու վրդովմունքն ու զայրույթը և դրա դեմ աղաղակում են այնպես տգետ ու լիրբ ձևով, ինչպես անում է «Մշակ»-ը յուր № 18-ից սկսած: Այդպիսի դուքանչիների աչքում մի անհասկանալի հաշիվ է այդ, դրանք չեն կարող իրանց հաշվի չոտկի վրա նկատել, հաշվի առնել նյութապես անապահով գրողի հոգեկան անհանգստությունն և դրա հետևանքները, նրանք չեն կարող տեսնել և հասկանալ այն դրաման, որի մեջ խաղում է յուր ծանր, գրեթե մարդու համար անտանելի դերը գրող մարդը, որ կյանքի բոլոր հոգսերի, ընտանեկան բոլոր պահանջների, անձնական բոլոր կարիքների դեմ միայն մի բան ունի — յուր ձիրքը, յուր տաղանդը, իսկ այդ ոչ ոք չի ընդունում, ոչ կինը, ոչ երեխան, ոչ դուքանչին, ոչ հացթուխը, ոչ շոր ծախողը և այլն և այլն: Ահա նույնիսկ այդ ինտելիգենտ կոչված հոգով տգետները հրապարակավ ասում են, թե գրականությունը դեռ գործ չի և գրողը քանի ֆիզիկական ուժ ունի պետք է գործ — այսինքն կողմնակի պարապմունք ունենա, ահա դրանք հաշտեցնում են գրականությունն ու տերտերությունը, հաշվապահությունը, գործակատարությունը և ուրանում են գրողի տանջանքն ու տառապանքը, այն նյարդային ցնցումները, քայքայումն ու հոգնածությունը, որ իրան հետ բերում է սրբազան կոչված ոգևորությունը: Բայց նրանք, որոնք հոգով ազգակցություն ունեն գրողի հետ, որոնց տրված է աներևույթը տեսնելու և անձամբ չփորձածն զգալու ընդունակություն, նրանք մտածում են և խոսում են ձեզ նման:
Առաջին անգամ հրապարակում ձեր ձայնը բարձրացավ այդ խնդիրը պաշտպանելու համար, դուք հայտարարեցիք, թե գրողն ու կյանքը այսպիսի հարաբերության մեջ են մեզանում, և ես, որպես ձեր ընկերը և մի մարդ, որի բոլոր մտքերն ու զգացմունքները պտտվում են գրականության շուրջը, որ յուր էությունն ու կյանքի խորհուրդը գրականության հետ կապված է զգում, որ վաղաժամ, բայց մեծ փորձով գիտե, թե ինչ բան է առօրյա կյանքի և գրական կոչման այն զարհուրելի երկպառակությունը, որ հոշոտում, քայքայում, պատառ-պատառ է անում մարդու բոլոր ուժերն ու ընդունակությունները, — իմ կողմից հայտնում եմ ձեզ իմ սրտալի շնորհակալությունը այն ձայնի համար, որ դուք բարձրացրիք Մարդ[ասիրական] Ընկ[երության] այս տարվա ժողովում, այս ծածուկ, բայց զարհուրելի դրամային վերջ տալու համար, և թեկուզ երբեք էլ վերջ չլինի, այսուամենայնիվ այն էլ մեծ մխիթարանք է, որ համազգաց սրտեր կան և համակրություն:
Ստացա բոլորիդ այցետոմսերը և երկուսիդ ապսպրանքը, թե դիմում անեմ ընկերությանը: Այդտեղ թերևս ստորացնող բան չկա, բայց ես չեմ կարող: Հենց երեկ խոսում էի Աղայանի հետ, նրան էլ ասացի, և արդեն նրան ապսպրել էին, որ դիմում անի, բայց այն մտքով, որ որդուն ընդունեն որդեգիր. նա էլ էր դժվարանում, բայց ամենալավ ձևը դա է: Այստեղ ձեզ ասեմ, որ հունվարին, առաջուց կարծիքներն իմանալով — ինձ մոտ հրավիրեցի գրողների մի խումբ, մի գրական (բելետրիստների) շրջան կազմելու, հարկ եղած ժամանակ գրական մարդկանց և գրականության շահերը պաշտպանելու և Գրական զանազան խնդիրներ հարուցանելու և վճռելու: Եկան, իրար հետ հաշտվեցին, արդեն 6 — 7 ժողով ենք ունեցել, և գուցե փոփոխվի, բայց կհարատևի: Այդտեղ են՝ Աղայան, Պռոշյան, Շիրվանզադե, Մուրացան, Փափազյան, Մանվելյան և այլն և այլն. 12 հոգի: Այս ժողովներում ես արդեն լավ ճանաչեցի մեր Գրողներին, և խոստովանում եմ, որ գրողի տանելու մարդիկ են:
Խոսացել ենք, որ ոչ ոք չդիմի, մինչև հավաքվենք, տեսնենք ով ավելի կարիք ունի և ով որտեղից նպաստ է ստանում: Բայց Փափազյանն անցյալ օրերին եկավ ինձ մոտ և հայտնեց, որ ինքն արդեն ուզում է դիմել:
Կրկին գալով ինձ, ես ձեզ բաց սրտով ու պարզ ասեմ, որ որքան մեծ է իմ նյութական կարիքը, հազար անգամ ավելի մեծ է այս տեսակ կյանքից ազատվելու ցանկությունը, այս կյանքից, որ ինձ համար այնքան կորստաբեր է եղել և այժմ էլ միայն մի դագաղի նշանակություն ունի: Ասում էր այնքան մեծ է այս հեռանալու, շունչ քաշելու, սթափվելու ցանկությունն իմ մեջ, որ ինձ անիրագործելի ցնորք է թվում: Անիրագործելի, մանավանդ երբ սրա հետ հաշվի առնեք, որ միաժամանակ զարգանալու խնդիր ունեմ առաջս դրած և ընտանեկան դրություն:
Եվ թեև այս բոլորը կապված են նյութական խնդրի հետ և կարող էին գոնե մասամբ լուծվել իմ դիմումով, որ դուք ապսպրել եք, թե անեմ ընկերությանը, ես դժվարանում եմ, չեմ կարող անել: Այնքան անախորժությունների և հոգեկան հուզմունքների հետ է կապված դա, որ ես չեմ կարող: Բայց մի գրեցեք, տեսնենք դուք ի՞նչ եք խոսացել, և այդտեղ ի՞նչ են հասկանամ գրող ասելով, որովհետև այստեղ վեճ կա և նույնիսկ գրողների շրջանում պարզ չի, թե ինչ բան է գրողը (sic):
Իմ կողմից բարևեցեք տղերանցը. Սիսակը նամակիս ինչո՞ւ չի պատասխանում, չէ որ արդեն մեջը նշանակած տասն օրն անցավ: Կաշխատեմ ձեզ «մին տեսնել»: Աստծու խաթեր, Օջախը չքանդեք: Այստեղ գրողների ժողովում խոսք եղավ Օջախի մասին, ես հայտնեցի, որ այդ ճրագը, որ վառվում է գրողների համար, Օջախիցն է և այլն, Օջախը գուցե գրողներից ուղերձ ստանա:

Ձեր Հովհաննես