/tangaran/namakani.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թումանյանի նամակները
Նամակներ Թումանյանին
Հուշեր
Մեծերը Թումանյանի մասին
Այցեքարտեր

ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս — Բաքու
1900 թ. փետրվարի 19.
Սիրելի Արսեն.
Իսահակյանն ինձ պատմեց, թե դու մտածում ես գլուխ բերել իմ արտասահման գնալու գործը: Պետք է դարձյալ շնորհակալ լինեմ, որ այս տխուր օրերում ինձ երբեմն ծիծաղեցնում եք: Ար-տա՛-սա՛հ-մա՛ն... ցնորքները բանաստեղծներին են վայել, վարդապետ մարդը պետք է գործնական լինի, ինչպես որ եղած է միշտ: Ես չեմ կարողանում այս սահմանում ապրել, դու արտասահման ես ղրկում: Կամ գուցե մոռանում ես, որ Էջմիածնի միաբանությունից մեծ մի ընտանիք կա իմ շալակին: Ոչ, սիրելիս. այդ թող. այդ արդեն ուտոպիա է: Ես ավելի համեստ մի ցնորք ունեմ — գնալ մի երկու տարի մնալ Պետերբուրգ կամ Մոսկվա, բայց ամաչում եմ ասել: Մի մարդ, որ շաբաթներով կոնկով մի տեղ գնալու փող — 5 կոպ. չի ունենում գրպանում, ինչ լրբություն է — մտածի, թե գնալու եմ... Շռայլ բախտ կլիներ ինձ համար, եթե կարողանայի պարտքերս վճարել, այս կամ այն փողոցով անցնելու ազատություն ձեռք բերել կամ պարտք անելու կարիքից ազատվել: Քեզ գրելու իսկի հարկավորական չկա, թեև դու էլ ամեն բան չգիտես, որովհետև ինձ համար շատ ավելի թեթև է տանելը, քան ասելը, — ես այժմ եկել եմ այնտեղ հասել, որտեղից դենն էլ տեղ չկա. պետք է վճռեմ այսպես կամ այնպես: Զուտ գրող ու գրականությամբ պարապելու հնարավորություն չկա — ինչպես մինչև օրս էլ չի եղել: Հույսերը դատարկ բաներ են. նրանցով կարելի է ապրել օրինակ տասը տարի, ինչպես ես եմ արել. բայց 10 տարուց ավելի չի կարելի հույսերով ապրել ու ընտանիք պահել: Այսօր իմ մի լավ ընկերս ու բարեկամս էլ — ինժեներ — որ Բաքու է լինում, մոտս էր: Ասում է կարելի է հաջողեցնել ինձ մայրաքաղաքներից մեկն ուղարկելու գործը: Իհարկե, աշխարհքում շատ բան է կարելի, բայց այսուամենայնիվ շատ կարելի բաներ չեն լինում:
Արդ՝ գանք գործին: Աղայանցն այժմ այդտեղ է և ինձ ասում էր, որ այդտեղ մի ձգտում կա գրողներին օժանդակելու: Եթե անկեղծ այդպիսի բան կա, դու էլ այդտեղ ես, խոսիր ու մի հաստատ բան գրիր: Պարզ է, որ Բաքուն կարող է մի քանի գրողի վիճակ ապահովել: Թող ենթադրեն — թե մի քանի քահանա էլ ավելի ունեն — եթե միայն գրողին քահանայի չափ կարևորություն կտան, թող փորձեն նրա կեսը, ինչ որ դրին թատրոնի վրա — դնեն գրականության վրա ու տեսնեն — թե բան չի դուրս գալ՝ կտրեն: Վերջապես գրականություն ուզող ու հասկացող ժողովուրդը մի ձևով պետք է խրախուսի այդ գործը, թե չէ այդ կլինի ավելի, շատ ավելի, քան վաշխառությունը, բռնաբարությունը, ավազակությունը: Այդ կլինի մի զարհուրելի դրամա, այդ հասարակությունը կնմանի մի մոլոխի, որ ինքը սառն ու անհոգի մի ոչնչություն, անզգա մի տարր՝ և մարդազոհեր է պահանջում, անմեղ կյանքեր է կլանում:
Ուրիշ բաների մասին այժմ չեմ գրում. առայժմ պատասխանիր իմ նամակին, որ ես կարողանամ մի վճռական կարգադրություն անել, իմ լինել չլինելու խնդիրը վճռել: Ինձ թվում է, որ ես մոլորված եմ եղել. աշխատիր լուրջ լինել, հիմնական, հաստատուն բան գրել, և ոչ թե զանազան ենթադրություններով ու հույսերով դարձյալ խճճել այս դրության մեջ: Ինձ օգնիր այս խնդիրը լուծելու գործում: Եթե գրականությունն այժմ շատ էլ կարևոր չի մեր հասարակության համար և մասնավորապես էլ ես ոչինչ եմ գրականության համար, թող հասարակական վարձ ու նպաստը ավելի լավ նպատակների ծառայի, ինչպես եղել է մինչև օրս, իսկ եթե գրականությունը ձեզ է պետք և գրողն էլ գրականությանը — համեցեք հաշիվ տանք մեր պարտականությունների մասին — ոչ թե ողորմության խնդիր դնենք, ինչպես սովոր են ասել առանց ամաչելու, թե խոսքն ընչի և ում մասին է: Հասցես՝ Бебутовск. 50:

Քո Հովհաննես