/tangaran/namakani.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թումանյանի նամակները
Նամակներ Թումանյանին
Հուշեր
Մեծերը Թումանյանի մասին
Այցեքարտեր

ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր — Թիֆլիս
[1900 թ.]
Սիրելի Ֆիլիպ.
Քո վերջին նյութերդ այն տեսակ են, որ մարդ դժվարանում է կարծիք հայտնել — վախենալով, թե — չլինի սխալվեմ: Առաջինի մեջ ինձ դուր եկավ այն դեկադենտական կասկածը, թե ուրիշները, թե քո սիրելիին որևէ նմանություն ունեն — այդ գողացել են նրանից, և դու զայրանում ես դրա համար և ավելի խիստ զգում քո մենակությունն ու տխրում — ասում եմ դուր եկավ, բայց չեմ հասկանում: Երկրորդը մի փշուր է, ճանկռած այն մեծ նյութից — թե որքան չնչին են մարդկային ուժերը բնության և նախախնամության անհունության առաջ: Եվ չեմ հասկանում, թե ինչու սրա մեջ գործ ես ածել «շունչ» բառը. թերևս «հոգու» տեղ է: «Խուցը», ոչինչ, լավ է ասված: Իսկ «Իմ կտակից» իսկի բան չհասկացա:
Մի խոսքով այս անգամվա նյութերդ անհաջող են: Ինչպես երևում է՝ տաղանդդ սպառվում է:
Նամակիդ մեջ իզուր ես ինձ հակաճառում, թե բանաստեղծները նոր մտքեր պետք է հայտնեն — որ հայտնած չլինեն ուրիշները: Հենց այս նյութերը գոռում են — թե նոր միտք չկա: Ամենամեծ ու ամենախոր միտքը միշտ կարող ես լսել մի ապուշի բերանից, ամենացած ամբոխը հազար մի բարձր մտքեր է շուռ ու մուռ տալիս ամեն օր: Բանաստեղծության տեսակետից միտքը ի՞նչ է որ — միայն նյութ, հում նյութ, մատերիալ: Բանաստեղծ չի նա, ով որ հայտնում է, թե մարդը ոչինչ է բնության առաջ — բանաստեղծը նա է, ով որ թեկուզ դրան լսելուց հետո — այնպես ներկայացնի ու պատկերացնի այդ հարաբերությունը, որ — ընթերցողն զգա ու տեսնի... Շեքսպիրից առաջ են հայտնած բոլոր այն մտքերը, որ նա իր հանճարի ֆոկուսի միջով ցույց է տալիս աշխարհին: Այս է մրցության դաշտը — մտքերը, որ արդեն կան (և անկարելի էր, որ չլինեին առաջուց) առնել, կենդանագործել ու (ավելի պարզ, բայց շքեղ) պատկերացնել, ներկայացնել հասարակությանը: Եթե այսպես չլիներ, վայն եկել էր տարել բանաստեղծներին: Ես այսպես եմ հասկանում բանաստեղծությունը: Ոչ միայն մտքերը — այլ նույնիսկ երգած նյութերը դեռ արգելք չեն բանաստեղծին — և դարձյալ նյութ են նրա համար, միայն մի պայմանով, որ կամ մի նոր կողմից լուսավորեիր այն, կամ ավելի ազդու երգեիր, ավելի վեր հանեիր, քան կար արդեն:
Ես իսկի չվախեցա, երբ այս տարի (Հրատարակչական Ընկերության հրատարակած) Լաֆոնտենի առակների մեջ կարդացի «Ճայ ու չղջիկի» առակը — չգիտեմ ինչ վերնագրով: Սրանց ժողովուրդն, ասի, այսպես է պատմում, բանաստեղծն էլ այսպես է երգում — մենք էլ այսպես: Երկուսն էլ ինքնուրույն:
Դու գիտես, որ ես մի (իսկապես երկու հեքիաթ միացրած) հեքիաթ «Հազարան բյուլբյուլը» և «Սինամ թագավորի գաղտնիքը» — նյութ առած ուզում եմ հորինել մի արևելյան պոեմա: Դրանով հետաքրքրվելով գտա — որ շատ անգամ տպված է, բոլոր ազգերն ունեն, պատմված է հազար ու մի ձևով, մինչև անգամ գիտնականները մեկնություն են տվել, թե գարնան գալն է հեքիաթի առարկան, բայց այդ բոլորից հետո ես ոչ միայն թողի իմ հեքիաթը, այլ ավելի պինդ բռնեցի, ավելի ոգևորվեցի այդ նյութով — ով ինչպես ուզում է գրած լինի, ես էլ ինձ պես եմ ասելու, և մինչև անգամ հանդգնություն ունեցա գիտնականների հակառակ իմ ունեցած մեկնությունը, միտքը նկատել հեքիաթի մեջ և այն զարգացնել ու երգել: Ինչպես դու գիտես — իմ կարծիքով բանաստեղծության ու մուզիկայի ծնունդն է հեքիաթի առարկան:
Նախորդ նյութերդ չեմ ուղարկելու, որ նույնը կրկնես և լավ իմանաս խեղճ բանաստեղծների ղադրը — դու որ չես կարողանում միտքդ պահել մի քանի օր առաջ քո սեփական գրածները և կրկնում ես — հապա ինչպես անեն նրանք, որ այնպիսի [բան գրեն] միտք հայտնեն, որ հայտնած չլինի ոչ մի բանաստեղծ ամբողջ աշխարհքում:
Մոսկվայի ուսանողները մի նամակ են գրել ինձ (Գ. Խատիսյան և Լ. Նազարյան), թե ուսանողները մի գրական ժողովածու են ուզում հրատարակել, խնդրում են իմ աջակցությունը: Փափազյանը, որ այնտեղ է այժմ և պաշտոն ունի — ինչպես գրում է, ֆրանսիական Credit Lyonnais բանկում, մասնակցում է ժողովածվին, հանձն է առել խմբագրել և այլն — գրում է, թե շնորհակալ կլինենք, եթե ուղարկես երգիծական պոեմդ «Բանաստեղծը և սատիրը» — այսինքն Մուսան: Արդ, ինձ մոտ չկան ոչ բանաստեղծ և ոչ Մուսա: Կարծեմ մեկը դու ունես: Մի նայիր ու քո նկատողություններով հանդերձ ղրկիր ինձ, որ ուղղեմ ու ղրկեմ ուսանողներին: Քեզ գրել էի, թե Կայլցովի «Сяду я за стол да подумаю» — ոտանավորը թարգմանեցի — ղրկեցի «Տարազին»: Այժմ խմբագրությունից գրում են — թե ցենզորը բռնել է: Եկ ու բան հասկացիր: Ախար ի՞նչ ցենզորի բռնելու բան է դա: Ուրեմն էլ ի՞նչ անենք, ի՞նչ մտածեք: Ահա թարգմանությունը: Առաջուց գրել եմ, որ за стол-ը շինել եմ պատի տակ, — պատի տակը համարելով հայ գեղջուկի մտածմունքի տեղը — փոխադրել եմ:
ԳԵՂՋՈԻԿԻ ՄՏՈՐՄՈԻՆՔԸ
Նըստել պատի տակ
Ու միտք եմ անում,
Թե ինչպես մենակ
Ապրեմ աշխարհում:
Ոչ ջահել կընիկ
Ունեմ իմ կողքին,
Ոչ թև ու թիկունք
Մըտերիմ ընկեր,
Ոչ մի տաք անկյուն,
Ոչ արծաթ — ոսկի,
Ոչ տափան ու չութ,
Ոչ քյահլան մի ձի...
Պակաս օրի հետ
Միմիայն մի գանձ —
Քարի նըման ուժ
Տըվավ ինձ հերըս,
Բայց, ավա՛ղ, էն էլ
Օտար դռներում
Կերան, մաշեցին
Դարդ ու ցավերըս...
Նըստել պատի տակ
Ու միտք եմ անում,
Թե ինչպես մենակ
Ապրեմ աշխարհում:
Ինձ հաջող է թվում: Գրիր — հավանո՞ւմ ես, թե՞ չէ: Դու մի ժամանակ ինձ ասում էիր, որ Կայլցովից բան թարգմանեմ: Հանգերն ինչպես զանց են առնված բնագրում, այնպես էլ ես եմ արել:
Նյութերիցդ մեկը ոտնավորել եմ — մյուս անգամ կղրկեմ: Լավ կանես, որ նյութ առնես երբեմն մեր կյանքը — այստեղ էլ շատ բան կա: Լայաղ արա, միքիչ ներքև արի — «Խոնարհվիր — մտիր քո խուցը»:
Այժմ գանք իմ խաչելությանը: Պուշկինը իր նամակներից մեկում ասում է. «Чорт надоумил меня родиться в России с душою и талантом».
Եվ հեշտ բան չի чорт-ի գործը դրստելը: Чорт-ն այնպիսի բան չի անիլ, որ Ֆիլիպը մի անգամ Մանթաշովի մոտ գնա ու... դրստի: Այժմ չեմ իմանում ի՜նչ ես մտածել. ճշմարիտ, որ դժվար է մի ելք մտածել, բայց բանից դուրս է գալիս, որ դու ջուխտ-ջուխտ ես մտածում ու գտնում: Ես համոզված եմ, որ քո մտածմունքների ամենաառաջինը իմ բարոյական ապահովությունն է — որ ես ինձ զգամ հանգիստ ու անկախ. չես տանիլ փեշս գցիլ մի որևէ անասունի պոզ, այդ ավելի վատթար կլինի, քան ամեն նեղություն: Հանկարծ մի հայվան — աղա քեզ վրա նայի ու հետդ վարվի, իբրև իրան պահած պրիկաշչիկի կամ, նույնիսկ իր լռությամբ, միշտ երեսովդ տա իր լավությունը: Արևելքի ասպետը — Քյորօղլին ասել է — Աթըմ եյան, ղանըմ իչան, նամարդի մոհտաջ օլմասըն:
Իհարկե, շատ մարդ կտանի այս «աղեն ձեթ տա՝ փեշդ դեմ արա»-ի աշխարհքում, բայց աստծուն է հայտնի, որ ես հազիվ եմ տանում նույնիսկ լավերի ու մերձավորների լավությունը: Այս տարի եղբորիցս մի 100 — 150 ռ. փող մսխեցի. բանն այնպես էր, որ հարկադրված էի: Այդ նրա պստլիկ խանութին ու առուտուրին մեծ հարված է տվել: Առանց էն էլ իսկի — իսկի առուտուր ասած բանը չի հասկանում, հաշիվ չի հասկանում — այս էլ հետը — գործին, ճիշտ որ շատ վնասեց: Մի քանի անգամ այս ամառ հետը կռվեցի — թե լավ չես տանում գործդ և ամեն անգամ այդ գումարը տվեց երեսովս... Ես ինքս մեծ փափագ ու հակումն ունեմ ուրիշներին հովանավորելու, կամ ավելի լավն ասեմ, իմ ունեցածը ուրիշների հետ բաժանելու — ով կարիք կունենար: Այժմ երբ բանը հակառակն է դուրս եկել — պետք է գործին այնպես չնայել, ինչպես, օրինակ, մեր լրագիրներն են հասկանում ու նայում — այսինչ չքավոր գրողին... բարերար... ողորմություն և այլն և այլն: Փողն ստացա:

Քո Հովհաննես