/tangaran/namakani.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թումանյանի նամակները
Նամակներ Թումանյանին
Հուշեր
Մեծերը Թումանյանի մասին
Այցեքարտեր

Մարիամ Թումանյանին

Ուրավել-Վիձիսի
1901 թ. Հուլիսի 19

Թանկագին Մարիա Մարկովնա!
Իմ կողմից միանգամայն ապահով եղեք, ես կատարյալ առողջ եմ, սառը ջուրն ինձ չի վնասում, ընդհակառակը շատ է օգնում: Ճշմարիտ է, մի ժամանակ դժվար է եղել այստեղի սառը ջրում լողանալը, բայց այժմ շատ է փոխվել ջուրը և գազն այնքան է պակասել, որ գրեթե չի նկատվում, միայն երկաթի համն է մնում: Խորհուրդ եք տալիս ձու, կաթն ու մածուն ուտելու: Ես էլ հենց այդ եմ ուզում, թեև ձուն ու մածունը դժվար են ճարվում: Մի խոսքով, շատ լավ եմ. ջուրն էլ է օգնում, օդն էլ, բայց, մանավանդ, ազատ լինելը: Գիտեք, 13 տարի է, ինչ որ ամուսնացել եմ, ես ազատ լինեու հաճույքը դեռ չեմ զգացած: Այժմ էլ, թեև ազատ չեմ զգում ընտանիքիս հոգսից, բայց գիտեմ, որ նրանք էլ լավ են, և միայն կարոտ է, որ զգում եմ, ոչ թե ծանրություն, որ զգացել եմ միշտ: Իսկ կարոտը իմ համար ամենաթանկ զգացումն է: Առհասարակ հագուրդը, կուշտ լինելը, ավելի ճիշտ` հղփանալը, իջեցնում է մարդուն ներքև: Կարոտից է առաջ գալիս ամեն բարձր բան: Իդեալներն ինչ են որ,- հոգու կարոտներ: Եւ հենց սրա համար է լավ մենակությունը. մենակության մեջ ամենավսեմ հաճույքներ կան և դրանք այն րոպեներն են, երբ մարդու հոգին լա~յն, խաղա~ղ, անվրդո~վ ծփում է և սիրտը քաղցր-քաղցր ճմլում` երբեմն որոշ, երբեմն անորոշ կարոտներով: Եւ այդ րոպեների մեջն է, որ հայտնագործություններ են անում մարդիկ, իհարկե, ևս առավել` բանաստեղծ մարդիկ: Նիցշեն ասում է . «Բոլոր բանաստեղծները հավատում են, թե ով որ կանաչի մեջ լեռան մենավոր լանջում պառկած հսկի, երկնքի ու երկրի մեջ գոյություն ունեցող շատ բաներ կիմանա: Եւ երբ բանաստեղծներին տիրում է քնքուշ տրամադրությունը, նրանք միշտ հավատում են, թե բնությունն ինքը սիրահարված է իրանց վրա ու իրանց ականջին շշնջում է խորհրդավոր, սիրային, շողոմարար ճառեր, և դրանով թռչում են նրանք մահկանացուների առաջ»:
Բայց պետք է ասեմ, որ ես չկարողացա մենակ լինել: Շատ մարդիկ ծանոթացան և այժմ արդեն ծանոթների մի մեծ շրջան ունեմ այս փոքրիկ ամառանոցում, որ չեն թողնում... տխրեմ:
Լավ է, որ Դուք խաղաղություն եք վայելում, բայց ափսոս, որ մոծակները նեղացնում են, կամ ինչպես Դուք գրում եք, «այդքան փոքրիկ արարածները թունավորում են մարդու կյանքը»: Այդպես է. փոքրիկ արարածներն են կյանք թունավորում. մեծ արարածները թույն չունեն, նրանք միայն կյանք կարող են տալ: Բայց շատ միք հուսահատվիլ. տեսնու՞մ եք, մի թեթև քամի է հարկավոր, որ ցրի այդ կյանք թունավորողներին: Ափսոս, որ չեմ կարող Ձեզ համար քամի ցանկանալ:
Ինձ հետաքրքրեցիք Ձեր գրելիք նյութով, ու չեք գրում, թե ինչ բան է: Ուրեմն հայ կնոջը թողեցիք. խե~ղճ կին. իսկ եթե մենք ենք մի կին թողնում, կանայք աշխարհք են թնդացնում-տղամարդիկ անգութ են, անխիղճ են...
Կին ասացի միտս եկավ: Իմ կնոջ մասին եք հարցնում. նա լավ է, ինչպես գրում է, իր երեխաներով հանդերձ: Հասցեն եք ուզում-այս է` Белый ключ, дача Лухава, Ольге Туманян: Շանթից նամակ ունեմ. Բուդապեշտից է գրել: Երբ գրեմ, կհարցնեմ, թե ինչու դեռ նամակ չի գրել Ձեզ, երևի շուտով կգրի:
Իմ այստեղի ծանոթուհու մասին ինչ կետեր էիք շարել: Մենք միայն բանաստեղծություններ ենք անում... վերջապես այդ էլ շատ քիչ:
Ղըրխքեսալովի մասին էիք գրել: Ձեր գրելուց առաջ նա ինձ մանրամասն պատմեց իր գործը: Իր պատմելով` ինքն արդար է և հերքել է, գործն էլ դատաստանով տարել: Է՛հ, ինձ ինչ, ո՞վ է անպայման լավ մարդը. ավելի լավ է մարդը իրանից լավություն պահանջի, ուրիշի վատությունը շատ էլ վտանգավոր բան չի լավ մարդու համար, եթե միայն ինքը ճիշտ որ լավ է:
Ասում եք ծրագիրներ եք կազմում. ես էլ եմ ծրագիրներ կազմում: Երևակայում եմ, որքան խոսելու նյութ կունենանք: Որքան շատ կանանց եմ հանդիպում, հետները խոսում, ճանաչում, այնքան ավելի եմ կարոտում մեր հոգեբանական-փիլիսոփայական-բանաստեղծական զրույցները:
Ուղարկում եմ ամառանոցիս լուսանկարը, առաջի նստածն էլ ես եմ: Ֆիլիպին դեռ նամակ չեմ գրել, ոչ էլ ստացել եմ: Այսօր կամ վաղը կգրեմ: Դուք երևի գրագրություն ունիք, չեք գրում նրա մասին: Ռուստեմն էլ երևի այնտեղ է:
Այստեղ ընդհատեցին. մեկը հիվանդացել է (տիկնոջ տագրը) կանչում է ինձ: Ցտեսություն: Սպասում եմ Ձեզանից նոր տեղեկությունների և լավ լուրերի:

Միշտ Ձեր Հ. Թումանյան
Հասցես ուղղակի`
Ахалцых-Ов.Туманяну: