/tangaran/namakani.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թումանյանի նամակները
Նամակներ Թումանյանին
Հուշեր
Մեծերը Թումանյանի մասին
Այցեքարտեր

ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Բելի-Կլյուչ — Թիֆլիս
[1902 թ.] 23/ VIII Б. Ключ.
Սիրելի Ֆիլիպ.
Ես այժմ գիտե՞ս ինչ եմ ուզում, որ ամառը նոր սկսվեր, հեռու լինեինք ու սկսեինք մի նոր գրագրություն — գեղարվեստի մասին, սիրո մասին, կյանքի ու իր վշտերի մասին, անվերջ, անվերջ...
Շատ դուր եկավ ինձ Բինեի խոսքը, թե սերը — քաղց – է: Բայց որքան դուր եկավ, այնքան էլ ծանոթ թվաց: Չէ որ մենք էլ ենք ասում, թե կշտացանք — կարոտը, սիրո, կրքի հագուրդն առնելու մտքով — նրանից կշտացա, ասում ենք, կամ թե՝ կլինի՞ մի նրանից կշտանամ:
Ասում ես կարելի էր քաղցը գործածել: Իհարկե, կարելի է, մինչև անգամ շատ լավ է, բայց միայն այն դեպքում, երբ խոսքը կրքի, տռփական սիրո մասին է: Հենց, կարծեմ, այդ հոդվածի միտքն էլ այսպես է, ինչպես երևում է քո նամակից:
Ինչևէ, քո նոր ոճով խոսելով, դու գիտես, որ ես այժմ քաղցած եմ, բայց մի հանգամանք, որ ես այժմ դժվարանում եմ մի բառով ասելու, փչացնում է իմ ախորժակը, և ես շատ կափսոսամ, եթե բոլորովին կապվի:
Այստեղ գոչելու է դժբախտ Համլետի հետ — ո՛վ մարգարե հոգիս...
Մեր կանանցից մարդ չի դուրս գալ և մենք միշտ չկերած կկշտանանք, ախորժակդ այնպես կփակեն, որ երբեք քաղց չզգաս, գնաս ու որձկալով ման գաս: Բայց ախար մարդ միշտ ունի մի քնքուշ էակի հետ գեղեցիկ — գեղարվեստական կապերով կապված լինելու կարոտը, երազային կյանքով երբեմն ապրելու տենչը: Եվ անշուշտ դու համաձայն ես, որ այս ավելի օրինավոր և ընդունելի կապ է, քան թեկուզ Վանքի եկեղեցում կատարված և մետրիքական մատյան մուծած ամուսնական կապը:
Այս էլ կյանքի ամենախախուտ կողմերից մինն է. մարդիկ առհասարակ դժգոհ են. կնշանակի այսպես չպիտի լինի: Ուրիշ տեսակ պետք է կարգադրվի, — թե չէ բոլորս անբախտ ենք, և՜ ամուսնացածներ, և՜ ամուրիներ:
Երևի բոլոր անասուններն այդ կողմից մեզնից ավելի են բախտավոր: Նրանք և ազատ են, և... ժուժկալ: Մենք կարծում ենք ազատությունը կվնասի: Մենք միշտ վախենում ենք ազատությունից, այնինչ բոլորս կուզենայինք, որ ազատ լինեինք, նույնիսկ... պ. Հակոբը:
Ասում ես ոտանավորս շատ է հուսահատական, ընթերցողը կասի — ինձ ի՞նչ...
Բայց — ինձ ի՞նչ: Տեսնում ես, հենց նույն օրերում դու իշխանուհուն գրում ես, թե՝ ես ապրում եմ առանց հավատի, չգիտեմ ընչի հավատամ և այլն:
Այսպես, չգիտենք ընչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք — տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները:
Վարանք ես ուզում — ահա քեզ: Այժմ ես տառապում եմ մի մեծ տարակուսանքով — արդյոք ես բանաստե՞ղծ եմ, թե՞ չէ: Մտածում եմ ու գնում, գնում հասնում մինչև կասկածի ամենամութ անդունդները, այնտեղ կորցնում հավատս, հանգցնում հույսս... խղճահարվում եմ մինչև անգամ, որ օգնում են ինձ իբրև բանաստեղծի, ինձ թվում է, որ ես խաբված եմ, ուրիշներին էլ խաբում եմ, թե ես բանաստեղծ եմ... Ու նորից վերադառնում եմ, թե բան եմ գրում...
Ա՛յ քեզ սերունդ:
Չէ, սիրելիս, չեն ասիլ ինձ ինչ. բոլորն այս տեսակ մարդիկ են — կամ գոնե շատերը: Տխուր, սաստիկ տխուր մարդիկ ենք, թեև քիչ են խոր զգացողները:
Աղայանցն եկավ, երևի կպատմի ինձանից, մի քիչ քեֆս լավ չի, ինչպես դու էլ նկատում ես: Դրա համար էլ Շուշանին էլ նամակ չգրեցի, տեսա ուրախ նամակ չի դուրս գալիս: Չես գրում, թե ինչպես էին տանըցիք, երբ են գալիս: Ես էլ այս երկու օրը կգամ:
Այժմ գնում եմ մի հեքիաթ ասողի մոտ: Մենակ եմ մնացել: Այստեղ ամեն գիշեր տուն են կտրում:
Մարիա Մարկովնան երևի եկած կլինի, Դիլիջանից մարդ եկավ, ասում են այնտեղ ցուրտ է: Գրում է, որ նոր ծրագիրներ է կազմել: Տեր աստված: Ես կարծում եմ այս ձմեռ նոր բաներ ենք տեսնելու. նա կանի, ես հավատում եմ: Զարմանալի կին է: Ափսոս նրան լավ չեն ճանաչում առհասարակ: Է՛հ, վերջումը կճանաչեն. միշտ վերջումը...

Քո Օհաննես