/tangaran/namakani.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թումանյանի նամակները
Նամակներ Թումանյանին
Հուշեր
Մեծերը Թումանյանի մասին
Այցեքարտեր

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Աբաս-թուման — Բաքու
9/ХI Աբաս-թուման
Սիրելի Ավո.
Առողջությանս մասին ի՞նչ ես հարցնում. մեզ նման մարդիկ ինչպես կարող են առողջ լինել էս ժամանակներում — էն էլ փառք աստծու, որ կենդանի ենք, «Մշակի» ջգրու:
Ես այժմ ավելի լավ եմ: Ուժասպառ եմ եղած ու ջղերս քայքայված, բոլորովին քայքայված: Բժիշկն ասում է, այս ջղերով ոչ կարելի է ապրել, ոչ պարապել, պետք է հանգստանաս, ապրես միանգամայն բույսի նման: Եվ ահա քեզ մի նոր վրդովմունք, հիմարը երևի չգիտի, որ բույսերն էլ են թառամում, և շատ բույսեր մեզ նման նույնիսկ աշունք չհասած: Նրանց տանջանքի մասին տեղեկություն չունի — և ինչ պետք է հասկանա նրանցից, քանի որ ականջը դնում է սրտիս լսում է — լսում, ու իսկի այնտեղ էլ չի հասկանում, թե ինչ կա:
Ասում է հանգստացիր. բայց մի՞թե հեշտ հանգստություն կա մեզ համար: Մի երկու ամսով եկա հանգստանալու, և եթե գրեմ, թե ինչքան վրդովմունքներ ունեցա, հենց միայն կարդալուց դու կհիվանդանաս:
Ժողովածվիս մասին ես հարցնում: Այդ խնդիրն էլ կա մեջտեղը: Իմ մի քանի բարեկամներն ուզում են հրատարակել, շտապեցնում են, պահանջում են, և ահա բույսը պիտի աշխատի: Բայց ժողովածվի հրատարակության հետ միասին բարձրացրել էին մի ուրիշ հարց — ինձ ապահովելու, գրել էին ցրվելիք գրության ձևն ուղարկել ինձ — հարցրել իմ համաձայնությունը, ես միանգամայն հրաժարվեցի: Ավելին ասեմ, այդ դեպքը, որ մեզնում ոմանց նախանձն է շարժել, այնքան խիստ ազդեց ինձ վրա, որ ինչքան էլ ինձ զսպեցի, այսուամենայնիվ իմ նամակներն այնպես են դուրս եկել, որ նրանք վշտացել են: Սակայն ես էլ այն օրվանից եմ հանգստացել, ինչ որ համոզվել եմ, թե էլ չի լինելու այդ դիմումը: Ինչ լինելու է թող լինի, բայց թող մեզ վրա չծանրանա զանազան գյադաների բարերար ձեռքն ու մուննաթը: Ամեն մարդուց էլ չի կարելի լավություն ընդունել:
Վեսելովսկուն մի պատասխան եմ գրում, որ հասնելուն պես Շահազիզը թոշակս կտրելու է գրական ֆոնդից:
Նիկոլից երկար նամակ ունիմ, շատ լավ է, պատկերն է ղրկել: Դերենիկից քանի ժամանակ է նամակ չունիմ, իսկ Շանթը առևտրական բոլոր կուրսերը վերջացնելուց հետո եկել է մտել Վերնատուն: Դեկտեմբերին պատրաստ կլինի նրա դրաման:
Սիրուս մասին ինչ ես հարցնում, գրելով բան չի դառնալ: Ասում ես Շխովը նշանվել է
<Նամակն այստեղ ընդհատվում է>