/tangaran/namakani.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թումանյանի նամակները
Նամակներ Թումանյանին
Հուշեր
Մեծերը Թումանյանի մասին
Այցեքարտեր

ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր — Թիֆլիս
1904 թ. օգոստոսի 7
Սիրելի Ֆիլիպ.
Դու ընդհանուրի մասին ես հարցնում իմ կարծիքը, ես էլ ընդհանուրի մասին կարճ մի կարծիք կհայտնեմ, թողնելով ավելի ընդարձակն ու մանրամասը հետոյին: Դու հետևելով որոշ սիստեմի՝ պարզում ու ծանոթացնում ես ընթերցողին քո առարկայի հետ, մերթ-մերթ, արանքներում հայտնելով քո կարծիքներն ու տպավորությունները:
Ընդհանուր առմամբ դու քո բանաստեղծին նկատել ու ճանաչել ես շատ ճիշտ, որ նա իր ժողովրդի թշվառության երգիչն է, թախիծի, վշտի բանաստեղծ, որ այդ թախիծը, այդ տխրությունը ունի զանազան աղբյուրներ, բայց բոլորը մի տեղից են գալիս ու մի տեղ գնում և այդ է մեր — հայկական կյանքը, հայկական աշխարքը: Գուցե այդ լինի իմ գլխավոր արժանիքը: Այդ էլ, հարկավ, մեծ բան է, եթե այդպես է: Բելինսկին ասում է` բանաստեղծի մեծությունը ամենից առաջ կայանում է նրա ժողովրդական լինելու մեջ (народность): Ամենից առաջ ամեն բանաստեղծ իր ժողովրդի սիրտը պետք է լինի: Սակայն նրանից հետո կա մի ուրիշ մեծ խնդիր. թե որքան հաջող է նա կարողացել հառաչել այդ մեծ հառաչանքը: Հոգին գտնելուց հետո պետք է մարմինը չմոռանալ: Բանաստեղծը չէ՞ որ վարպետ է: Այդ մասին դու քիչ ես խոսում, թեև դրա փոխարեն գրեթե բոլոր լավ կտորները հանդես ես դնում:
Մի խոսքով, ավելի շուտ դու աշխատում ես ծանոթացնել ինձ հետ ընթերցողին, և այն էլ հենց սկզբից որոշած, թե նա մեծ տաղանդ ունի, քան թե դնում ես ու քննում: Ինձ թվում է, թե քննադատը շատ է բարեկամ կամ բարեհաճ: Սակայն այդ տեսակետ է ու համոզմունք:
Թեև դու չես ասում, բայց այնպես ես փռել ու ներկայացրել, որ բացի լավից, ուրիշ բան չի երևում: Էդ հերիք չի, հալա դեռ ուրիշից էլ ինչ որ թարգմանել եմ նրանց զգացմունքներին և շնորհքին էլ հաղորդակից ես անում:
Նկատողություններս այդտեղ կանեմ. մանավանդ, ինչպես գրում ես, դեռ սրբագրվելու է: Դրանք մանր բաներին են վերաբերում:
Վերջում խոստովանեմ, որ լավ չկարողացա կարդալ: Դավիթը քիչ մնաց. այն էլ շարունակ զբաղված էինք կամ մարդիկ էին լինում: Ուշադիր կարդալու ոչ ժամանակ կար, ոչ էլ հարմարություն:
Ահա կառքն էլ եկավ (Դավթի), խոսքս կտրեց: Եթե մոտս մնար — լավ կլիներ. բայց Դավիթն ասում է անկարելի է: Կգամ կխոսենք:
Հողի մասին ինչ որ Դավիթը կասի — պակասն էլ կիմանամ ու կգրեմ կամ կասեմ:
Բարևներով ու համբույրներով՝
քո Օհաննես