/tangaran/namakani.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թումանյանի նամակները
Նամակներ Թումանյանին
Հուշեր
Մեծերը Թումանյանի մասին
Այցեքարտեր

ՖԻԼԻՊ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս-Շվեյցարիա
1906 թ. մայիսի 30

Ֆիլիպ ջան.
Էսպես եղավ:
Բարձրացավ Ռուսաստանի մեծ փոթորիկը և ամեն բան տակն ու վրա արավ: Մենք էլ ընկանք իրարից հեռու, մի տարի է, ավել Է թե պակաս, այդ էլ չեմ հիշում — չենք տեսել իրար ու չենք խոսել իրար հետ: Ես շատ եմ կարոտել: Եվ այդ էլ շատ լավ Է: Միշտ լավ է, երբոր մարդ զգում է, որ մի թանկ բան ունի — որտեղ ուզում է լինի:
Մի ժամանակ դու նամակներ գրեցիր, ես թափառում էի: Հենց տուն նստեցի — մի քանի անգամ գրեցի, այլևս չպատասխանեցիր — էլ չհասկացա ինչպես եղավ. այնուհետև լռեցի. և սկսվեց այն, ինչ որ ոչ ոք չէր երևակայել:
Դու անշուշտ հիշում ես — հեքիաթների մեջ կա, թե այս-ինչ մարդը քնեց, մին էլ աչքը բաց արավ — տեսավ շուրջը կանգնած զորքեր սպասում են իր հրամանին և այլն ըստ կարգին — մի խոսքով մարդը հանկարծ թագավոր է դառել:
Այդպես էլ ինձ հետ պատահեց:
Երեխեքս հավաքեցի, գնացի Լոռի: Շատ լավ գիտեի, որ խառնակություններ են պատահելու, գիտեի, որ մեր գավառում անիշխանություն և ամեն անկարգություն կարող է լինել և ես շատ պետք կգամ — բայց պատահածն իմ սպասածից էլ ավելի եղավ:
Մի հեքիաթ, որ դարձավ իրականություն և մենք ապրում էինք մերթ լույս աշխարքում, մերթ մութ:
Ես, ինչպես ասի, հանկարծ այդքան մեծ պաշտոնի մեջ հայտնվելով և ձեռքիս ունենալով ուժ — ամեն ջանք շարունակ գործ եմ դրել մեր գավառներում խաղաղությունը պահելու և կոտորածների առաջն առնելու: Եվ այսօր ես այնքան գոհ չեմ, որ գրականության մեջ մի որևէ բան եմ արել, որքան գոհ եմ, որ ակներև կարողացա իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ և շատ ու շատ անմեղների ազատել այս գազանական կոտորածից:
Հիրավի, այսքան տգեղ, այսքան լիրբ, այսքան անիրավ, հրեշական կռիվ, ինչ որ թուրք հայկականն է — դժվար թե եղած լինի: Գուցե նախապատմական շրջաններում, երբոր մարդիկ իրար ուտում էին:
Մենք այս ցած ու տմարդի կռվով միանգամայն դուրս մնացինք Ռուսաստանի ազատագրական մեծ կռվից: Այժմ մեզ մնում է մի առաքինության հնարավորությունը — աշխատել վերականգնելու և պահելու խաղաղությունը, շատ չտարվել այդ դժբախտ կռվով, շատ չբարբարոսանալ:
Մենք ուղղակի վայրենիանում ենք: Առանց էն էլ ինչ էինք — հիմի էս էլ վրա հասավ:
Ահա շարունակ դրա դեմ եմ ես եղել կանգնած իմ ձիավորների բազմությամբ ու իմ սպիտակ դրոշակով: Եվ շատ եմ գոհ այսօր, որ թեև մեծ դժվարություններով — հաջողել եմ այն սահմաններում, ուր պտտվել եմ:
Հաճախ հիշել եմ քեզ և մոտիկ մի քանի մարդկանց — թե ինչ կասեիք — ինչպես պիտի ծիծաղեիք — երբ տեսնեիք լեռներում պատրոնդաշները գցած, զինված ոտից գլուխ, հարյուրավոր ձիավորներով ու ճերմակ դրոշակով:
Մի ուրիշ անգամ էլ կգրեմ այդ օրերից: Այժմ մի քանի օրով եկել եմ Թիֆլիս: Այսօր նորից վերադառնում եմ Լոռի: Շիրինկինը գրել է, որ ինձ ձերբակալեն: Տեսնենք ինչպես է վերջանում:
Նորից մթնոլորտը խառնվում է. և ո՞վ գիտի՝ էս կարկուտի տակից էլ կազատվե՞մ, թե՞ չէ:
Ինձանից ու մերոնցից ջերմ համբույրներ ու բարևներ մայրիկին, Շուշանին, Մարուսյային ու Դավթին, Լիլիկին ու Միլիկին: Գրեցեք, տեսնենք ոնց եք:
Ինչպես են այժմ աչքերդ. — հավատում եմ, որ պետք է առողջացած գաս: Մեզ էլ այստեղ տեսնես ազատ քաղաքացիներ:
Այսօր գալիս է Մարիա Մարկովնան: Ռուստեմն էլ այստեղ չի: Երեկ պ. Հակոբի մոտ էի: Միշտ նույն բարի մարդը: Ինքը զարմանում է, թե ինչու են ամենքն էլ կատաղել ու իրարով անցել — ամենքն էլ զարմանում են, թե էս մարդը ինչպես է հանգիստ նստած:
Կարոտով ու համբույրներով՝
քո Օհաննես