/tangaran/namakani.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թումանյանի նամակները
Նամակներ Թումանյանին
Հուշեր
Մեծերը Թումանյանի մասին
Այցեքարտեր

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ

Թիֆլիս — Էջմիածին`
1893 թ. նոյեմբերի 18
Մեծարելի բարեկամ.
Բաց նամակիս չպատասխանեցիք. — չգրեցիք, թե ինչ է գրքի գինը, որերորդ տպագրությունն է կամ ինչ անեմ գրքերը: Գրաշարն ասում է, որ երես չկա ուրիշ, իսկ գինը չկա, որովհետև բաժանորդների համար է: Կազմարարին արգելել եմ գրքերը կազմելու, մինչև Ձեզանից պատասխան ստանամ:
Հ[այր] Բեկնազարյանին շատ անհաջող փորձերից հետո հազիվ տեսա այսօր. ասաց, որ ինքը չի կարող Տեր-Ղևոնդյանից փող ստանալ, դուք գրեցեք, թողեք Տեր-Ղևոնդյանը փողը բերի տա իրան:
Արասխանյանին կտեսնեմ և «Մուրճ»-ից արտատպելիս Ձեր կյանքի գլխավոր գծերի սրբագրությանը նորից կնայեմ:
«Խավարամիտների գլխացավք» հանձնեցի «Մշակ»-ի խմբագրությանը և խմբագրատանը կարդացի այն տողերը, որ իրանց էր վերաբերում: Առհասարակ Հայրիկի և Արիստակեսի հաշտության լուրը ուրախացրեց տրտմած կուսակցությանը: Գրել եք, թե կուսակցության կարոտը քաշում եք և տխուր եք: Տխրում ենք Ձեր տխրության համար, իսկ ինչ վերաբերում է կարոտին, կարող եմ հավատացնել, որ կուսակցությունը չի մոռանում յուր սիրելի Քյոռօղլուն. հիշում է ամեն խնջույքում, մանավանդ երբ տողերիս գրողն էլ վեր է անում յուր գազարակերի ձայնը և հանդգնում է Քյոռօղլու երգը երգել…
Ֆիլիպը շնորհակալ է շնորհակալության համար: Այժմ Ֆիլիպը ուրիշ գործ է սկսել. հրատարակում է տարեկան 2 — 4 ժողովածու, գրքեր ու բրոշյուրներ: Առաջին ժողովածուն հունվարին դուրս կգա: Ձեր խոնարհ ծառան էլ, որ խմբագրական ժողովը կազմող երեքից մինն է, խնդրում է ի դիմաց նույն ժողովի՝ Ձեր աշխատակցությանը — հրապարակախոսություն, վեպ, ոտանավոր, ինչ որ լինի: Աշխատակիցները վարձ են ստանում:
«Բանաստեղծություններս» շուտով կուղարկեմ Հայրիկիս ընծա, որ կարդա սիրտը ցնծա, որ կներկայացնեք, ասացեք էս հալա ոչինչ, կեսը գդալամանումն ա դեռ… ի դեպ, ասեմ, որ ետ եմ նայում հիմա և հին գրածներս ուղղում. առաջին հատորից արդեն ուղղել եմ «Լոռեցի Սաքոն» և «Արևն ու Լուսինը»: Եթե հիշում եք, «Լոռեցի Սաքոյի» մեջ դուք մի սխալ էիք ցույց տալիս, այդ սխալը ես այժմ եմ գլխի ընկել և ուղղել. այդ պոեման կլվանա:
Այստեղի նորությունների մեջ նշանավոր է մի անպիտան տերտերի արարքը, որ զայրացրել է ժողովրդին: Դորա իսկական անունը հակառակին մոռացել եմ այս րոպեին, բայց նա ավելի հայտնի է «Գագորդի» մականունով: Դանոս է տվել նահանգապետին, թե հայոց վանքում կայսերական տոնի օրը մաղթանք չի կատարվել և թե հայոց կոնսիստորում չեն ընդունում ռուսերեն գրած խնդիրներ: Այս անզգամը դեռ հերիք չէ որ քահանա է, կոնսիստորի անդամ էլ է: Անցյալ օրը կոնսիստորի անդամները այս գործի համար կոչված էին պոլիցիայում:
«Տարազ — Աղբյուր — Անոնսի» գործն էլ արդեն կգիտենաք: Ուզում էին Ֆիլիպի վրա ծախեն — գլուխ չեկավ: Բայց ես մի բան չպարզեցի. դուք կհարցնեք, թե ինչպես թույլ կտան Ֆիլիպին մի տարում վեց կամ ավելի ժողովածու հրատարակել մի անունով: Այո՛, այդ չի կարելի, դորա համար էլ ամեն մեկիս անունով երկուսը կհրատարակվեն: Ժողովածուների մեջ կապ պահելու ճամար գույներով ենք որոշել անունները — երկուսը կապույտ, երկուսը կանաչ, երկուսը կարմիր: Ես կարմիր խմբագիրն եմ:
Նոր-դարականները նոր առաջնորդին նոր խանդով օվսաննա են երգում հին գործերի համար: Գրել էին, թե նա շինել է երկսեռ դպրոց Ագուլիսում. Պռոշյանցը աշխարհքն ու ամբողջ Ագուլիսը վկա է կանչում, որ ինքն է շինել այդ ուսումնարանը:
Չեմ ուզում Ձեզանից ծածուկ մնա, որ Ձեր ինքնակենսագրության վրա շատ են խոսում: Երևի մինչև անգամ Ձեր դեմ գրողներ կլինեն: Ոչինչ, դա կփոխարինի հոբելյանին...
Բարևեցեք տիկնոջը, օրիորդներին և Մուշեղին:

Ձեր Հ. Թումանյան
Հ. Գ. Ձեր և իմ կնքահայր պ. Ս. Պառավյանցը խնդրում է հետևեք և, թե կարելի է շտապեցնեք յուր շինած ուսումնարանի գործը, որ սինոդումն է այդտեղ: Երեկ Ձեր կենացը խմեցինք նրա տանը նոր թեմական տեսուչ отец Лисицов-ի հետ (հ. Մելյան):
Նույն