/tangaran/tang.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թանգարանի պատմությունը
Սրահներ
Հուշասենյակներ
Գրադարան
Երևանյան բնակարանի հյուրասենյակ
Թանգարանային հավաքածու
Նորություններ
Միջոցառումներ
Գիտական ժողովածուներ
Վարձակալության դիմումի ձև

ԿԱՆԱՉ ՍՐԱՀ


1869թ. փետրվարի 19-ին Հայաստանի հյուսիսային հրաշագեղ անկյուններից մեկում` Լոռվա Դսեղ գյուղում ծնվեց Հովհաննես Թումանյանը: Այդ օրը հայ ժողովրդի ճակատագրի ամենաերջանիկ օրերից մեկն է: Լույս աշխարհ եկավ մեկը` ով դառնալու էր մարդ-պետություն, մարդ-համալսարան և հոգևոր առաջնորդ` վեց դար շարունակ պետականություն չունեցող մի ժողովրդի:Կանաչ սրահի կենտրոնում Դսեղի հայրական տան մանրակերտն է: Տունը մինչև օրս էլ կանգուն է և վերածված է տուն-թանգարանի: Արժե մեկնել Դսեղ, լինել այդ տանը, զբոսնել Թումանյանի սիրած վայրերում: Դա շատ հուզիչ կլինի, բայց հիմա մենք Թումանյանի երևանյան բնակարանում ենք: Եվ Կանաչ սրահը պատմում է նրա մանկության, պատանեկության, առաջին սիրո, Թիֆլիս` Ներսիսյան դպրոց ուսման մեկնելու և այդ քաղաքում սկսած նոր կյանքի առաջին շրջանի մասին, որը մուտքն էր գրական ասպարեզ և ամուսնական կյանք:

ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆ ՍՐԱՀ



«Գիքորը» պատմվածքից ու «Մարոն» պոեմից մինչև ստեղծագործական առումով խիստ բեղուն շրջանի` 1901-1903թթ. «Աբասթումանյան աշնան» մասին է պատմում Ծիրանագույն սրահը: Այստեղ են «Անուշ», «Փարվանա», «Թմկաբերդի առումը», «Սասունցի Դավիթ» և այլ ստեղծագործություններին վերաբերող ձեռագրերն ու այլևայլ վկայությունները` Թումանյանական գլուխգործոցների մի ամբողջ շքերթ:Այստեղ են ցուցադրված նաև Հովհաննես Թումանյանի խաղաղասիրական առաքելության, «դաշնակցության գործով» ձերբակալման, Պետերբուրգում բանտարկության և արդարացման մասին պատմող փաստաթղթերն ու լուսանկարները:

ՎԵՐՆԱՏՈՒՆ



Թանգարանի առաջին հարկում` Ծիրանագույն և Կապույտ սրահների անկյունում մի գողտրիկ, խորհրդավոր հուշասենյակ կա:Դա «Վերնատունն» է` գրական, ընկերական բացառիկ նշանակության հավաքատեղին` հասցեն Թիֆլիս, Բեհբության փողոց, 44 տուն, 5-րդ հարկ, Հովհ. Թումանյանի բնակարան:Այստեղ Վերնատան անդամների և համակիրների կողմից յուրացվել է համաշխարհային մշակույթը, ազգային և համամարդկային ժառանգությունը և բյուրեղացվել է միտքն ու ճաշակը, այն եղել է համալսարան, ասպարեզ ազատ մտքի ծնունդի և արտահայտման: Սա մտավորականների համերաշխ համագոյության հրաշալի օրինակ է, միասնական նպատակի ընկերություն: «Վերնատունը» հայ մտավորականության համար եղել է մշակութային խնդիրների և բարոյական հարցերի հստակեցման վայր:
Ղ.Աղայանը, Լ.Շանթը, Ն.Աղբալյանը, Ավ.Իսահակյանը, Դ.Դեմիրճյանը, անշուշտ տանտիրոջ` իմաստուն Թումանյանի գլխավորությամբ` վերնականներն էին, իսկ կին հյուրերը` վերնանուշները: Հավաքների ժամանակ հրամցվել է ավանդական քիշմիշ-լաբլաբու, որ կոչել են վերնահատիկ: Ահա 1985-ի աշնանը Հովհ. Թումանյանի կրտսեր դստեր` Թամար Թումանյանի  ջանքերով թանգարանում բացվեց այս հուշասենյակը` 1899-1909թթ. գործած «Վերնատան» կրկնօրինակը: Թվում է, թե ուր որ է, բանաստեղծի գլխավորությամբ այստեղ կհայտնվեն վերնականներն ու 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մյուս մեծ մտավորականները. Կոմիտասը, Գ.Բաշինջաղյանը, Լեոն, Պ.Պռոշյանը, Ա.Չոպանյանը, Վ.Փափազյանը և կսկսվի իմաստուն զրույցը:
Թումանյանի օջախը եղել է ամենահայտնի և ցանկալի հանդիպման վայրը: Իսկ դա բխել է Հովհաննեսի և նրա տիկնոջ` Օլգայի հոգուց ու սրտից: Իզուր չէ, որ նրանց տունը դարձել է «վանք, տոնախմբություն, շարունակական, հարատև տեսակցությունների վայր»:

ԿԱՊՈՒՅՏ ՍՐԱՀ


Առաջին աշխարհամարտի տարիներին Հովհ. Թումանյանի կյանքի ամենից ծանր տարիներն էին: 1915թ. Հայոց Մեծ Եղեռնը նրան տապալել էր հոգեպես: Բայց նա իր ժողովրդի հոգևոր առաջնորդն էր, իր ժողովրդի խիղճը, ուրեմն իրավունք չուներ թուլանալու: Նա մեծ պարտավորություն ուներ: Եվ հաղթահարելով ազգային մեծ ողբերգությունը, հասկացավ, թե ինչ է հարկավոր իր ժողովրդին` ՀՈՒՅՍ: Թումանյանը դարձավ այդ ՀՈՒՅՍԻ կրողը: Նա ամբողջովին մտավ հասարակական գործունեության ոլորտ: Դեռ պատերազմի նախաշեմին ղեկավարեց «Հայ գրողների կովկասյան ընկերությանը», որի գործունեության մի էջն էր Գ. Բաշինջաղյանի նախագծած Սայաթ-Նովայի մահարձանի` Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղադրելը: Հետագայում ղեկավարեց «Հայկազյան ընկերությունը»

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՍՐԱՀ


Արևելքի և Արևմուտքի իմաստնության խաչմերուկներում կանգնած Թումանյանի մասին է պատմում Վարդագույն սրահը: Կյանքի վերջին շրջանում Թումանյանի հայացքը լիովին տիեզերական անհունին էր ուղղված: Նրա միտքը ճախրում էր վերևներում: Նրա զրույցը Աստծո հետ էր: Քառյակների տողերում նրա փիլիսոփայությունն է` կյանքի իմաստի, նաև ունայնի, մարդկային ցավի ու սիրո խտացումները:
Այստեղ է նրա երկրային մահվան գույժը, և Երկնային անմահության Ավետիսը:
Վարդագույն սրահի վերջնամասի աստիճանները մեզ տանում են երկրորդ հարկ, որտեղ Թումանյանի, վեց սենյակներից բաղկացած, վերջին բնակարանի նույնական վերարտադրությունն է: Այստեղ` Թիֆլիսի Վոզնեսենսկայա 18 հասցեում Թումանյանն ապրել է 1909-1923թթ.: