/tangaran/works.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in English Page in Armenian
Hovhannes Toumanian
1869-1923

Film

The different steps of Toumanian’s creations
Verses
Poems
Legends and ballads
Quartets
Stories
Fairytales
Translations
Criticism and discourses
Studies and analyses
Educational games
Proverbs
Great men according to Toumanian

«Մանուկ» ընկերությունը և Թումանյանը

1915 թ. Հովհ. Թումանյանն իր զավակների հետ ձեռնամուխ է լինում մանկապատանեկան հայրենագիտական խաղեր ստեղծելուն: Այդ մասին բանաստեղծը գրում է նամակներից մեկում. «…Էսպես վշտի ժամանակ մարդիկ կան, որ իրենց գինուն են տալիս, մարդիկ կան` թղթախաղի կամ զանազան ուրիշ առաքինությունների-ես էլ էս բաներով եմ զբաղվում պարապ ժամանակս: Թե օգուտ չտան, վնաս իսկի հո չեն տալ»:
Սակայն այս ձեռնարկը շատ ավելի խոր հիմքեր և լուրջ պատճառաբանություն ուներ Թումանյանի համար, քան կարող է թվալ առաջին հայացքից: «Մենք անծանոթ ենք մեր հայրենիքին, նրա բնությանը, նրա կյանքին, նրա անցյալին ու ներկային: Սա մի ցավալի երևույթ է, որ բացատրվում է և արդարանում է միայն մեր կյանքի ծանր ու ձախորդ պայմաններով… Մեր պատմության էս սև ու դժբախտ ժամանակի շրջանում շատ ու շատ լավ սովորությունների հետ մենք թողել ենք և մեր ազգային ու գեղեցիկ ու իմաստալից խաղերը…»: Այնուամենայնիվ Թումանյանը հավատացած էր, որ դա «մի ժամանակավոր թմրություն է մեր ազգային կյանքում…, որին պիտի հաջորդի վերածնության ու վերանորոգման շրջանը»: Եվ հենց այս շրջանի համար, Թումանյանի համոզմամբ, շատ կարևոր է խաղի դերը: նա նկատում է նաև, որ առաջադեմ շատ ազգեր խաղին ահագին նշանակություն են տալիս, խաղում են թե մեծերը, թե փոքրերը: Սակայն մանկությունն է մարդու ամենաընդունակ շրջանը, երբ նա չորս կողմից ընդունում է, սնունդ առնում և զարգանում: Իսկ ի՞նչ սնունդ, և ի՞նչ եղանակով: Սնունդը երեխային շրջապատող աշխարհն է` իր բազմակողմանիությամբ, իսկ ձևերից մեկը (ինչպես համոզված է Թումանյանը) հայրենագիտական և այլ տեսակի խաղեր: «Ամեն ինչ կյանքում խաղ է ու հաճույք, և կյանքում ամենալուրջ բանին էլ պիտի նայել որպես խաղի. էն ժամանակ մարդիկ մի բան կսովորեն, մի բան կստեղծեն հաճույքով»- գրում է մեծ բանաստեղծը:
Առաջին տեղեկատվությունը, որը վերաբերվում է խաղեր կազմելուն, գտնում ենք Թումանյանի Նվարդ դստեր հուշագրության մեջ. (1915 թ. փետրվարի 22)… Երրորդ շաբաթն է, որ հայրիկը ոգևորված պարապում է Հայաստանի աշխարհագրությամբ: Կազմում է «Հայոց գետերը» և «Հայոց լեռները» խաղերը: Մեր տանը կազմեցինք «Մանուկ» ընկերությունը: Կարճ ժամանակում, հայրիկի նախաձեռնությամբ, ընկերությունը բավական բան արեց. կազմեցինք մի շարք հայկական խաղեր` թանկագին քարերի, աստղերի, գույների, հայոց գետերի, տառերի մասին»:
Թումանյանի ցուցումներով նրա զավակները ջանասիրաբար հավաքում են աշխարհագրական, աստղագիտական և այլ բնագավառների վերաբերող տեղեկություններ: Մինչ խաղեր կազմելը, բանաստեղծը լրջորեն հետաքրքրվել է նաև այլ ժողովուրդների խաղերով (ռուսական, գերմանական), ուսումնասիրել օտարալեզու գրականություն: Դրա պերճախոս վկայություններն են Թումանյանի անձնական գրադարանում պահվող մեծ թվով մասնագիտական գրքեր, դասագրքեր և այլ երկրներում տպագրված խաղեր:
Թե ինչ մանրակրկիտ ու հսկայական աշխատանք է կատարել Թումանյանն այդ ուղղությամբ, երևում է թանգարանում պահվող նրա անձնական արխիվի նյութերից: Եվ այսպես, 1915 թ. մարտի կեսերին, մանուկ սերնդի դաստիարակության հարցում խաղերին շատ կարևոր նշանակություն տալով, Թումանյանը հրատարակում է մեկ տասնյակի հասնող խաղեր. «Աստղերի խաղ», «Դդում», «Թանկագին քարեր», «Հայկական առածներ», «Հայոց գետերը», «Հայկական հանելուկներ» և այլն:
1915 թ. և մանկապատանեկան հայրենագիտական խաղեր… Միայն Թումանյանի նման լուսավոր անհատը և իր ազգի հավերժությունը հավատող զավակը պիտի կարողանար տեսնել այդ օրերին հոգեվարք ապրող իր ժողովրդի ապագա վերածնունդը: Թե որքան մարգարեական էր Թումանյանը, ցույց տվեց ժամանակը:
«Մանուկ» ընկերության կողմից հրատարակված խաղերի բնօրինակները գտնվում են Հովհ. Թումանյանի թանգարանում (մշտական ցուցադրություն, ֆոնդեր):
Բանաստեղծը ցանկանում էր, որ խաղերի միջոցով երեխաներն ու պատանիները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը. «Սիրեն ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի»:
Նկատի ունենալով, որ բանաստեղծի գերագույն նպատակը, իղձը այսօր էլ խիստ արդիական են, թանգարանի աշխատակազմը ձեռնամուխ է եղել խաղերի վերահրատարակմանը: 1915 թ.-ից հետո առաջին անգամ 2007 թ. դեկտեմբերին (առավելագույնս հարազատ մնալով բնօրինակին) վերահրատարակվեց «Հայկական առածների լոտոն», 2008-ին` «Հայոց գետերը», 2009-ին` «Սրամիտ հովիվը», 2011-ին` «Հայկական հանելուկների խաղը», 2012-ին՝«Թանկագին քարերի խաղը» :
Աստիճանաբար կիրականացվի ողջ շարքի վերահրատարակումը, որն օգտակար և ուսանելի կլինի տարիքային բոլոր խմբերի համար: