/tangaran/works.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in English Page in Armenian
Hovhannes Toumanian
1869-1923

Film

The different steps of Toumanian’s creations
Verses
Poems
Legends and ballads
Quartets
Stories
Fairytales
Translations
Criticism and discourses
Studies and analyses
Educational games
Proverbs
Great men according to Toumanian

Խոսքը, նայած թե ինչ մարդուց ում է ուղղված, ամենազորեղ բժիշկն է:

***

Կյանքն` իր ամբողջության մեջ` մեծ է, շատ է մեծ: Կյանքը` տիեզերական կյանք է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով: Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով-մարդկության կյանքով: Սակայն նույնիսկ դրանով-մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ:

***

Այդպես է, փոքրիկ արարածներն են կյանք թունավորում-մեծ արարածները թույն չունեն, նրանք միայն կյանք կարող են տալ: ...Մի թեթև քամի է հարկավոր, որ ցրի այդ կյանք թունավորողներին:

***

Չէ՞ որ աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար. մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար:

***

Ասում է` գնացին տեսան Մոլլա Նասրեդինը մի վարար ջրի ափի նստած սպասում է: Ասին` ընչի ես սպասում:-Թե` սպասում եմ գետն անց կենա, որ հետո ես անց կենամ: ճիշտ էսպես. մենք էլ սպասում ենք էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք, պարապենք... ու շարունակ սպասում ենք:

***

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

***

Գեղեցիկ արվեստների մեջ առանձին կարևորություն է ունեցել միշտ ճարտարապետությունը, որ կոչված է «քարացած երաժշտություն» և, միանգամ ընդմիշտ քարացած կանգնած, չի աղավաղվում ժամանակի հետ:

***

Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:

***

Մարդիկ կան, ըստ ամենայնի թմրած, լքված ու խորտակված մարդիկ, որ խաղը սովորական բան են կարծում և իրենց մեռելությունը լրջություն են անվանում:
Էդպես չի կենդանի, ապրող մարդը: Նա ոչ թե միայն խաղի պահանջն է զգում, այլև պարզ տեսնում ու նկատում է. որ էն ժամանակ, երբ մենք ծանր նստած մեծ-մեծ բաներ ենք խոսում, խաղն ու նրա նման փոքրիկ համարված բաները իրենց վճռական գործն են տեսնում, կյանք, հոգի, լեզու-մարդ են ստեղծում:

***

Իրեն ճանաչելը ամենամեծ հաղթանակն է:

***

Ինձ էնպես է թվում, թե մի շատ թանկագին բան եմ գտել, այսինքն մարդ եմ գտել: Չէ որ մարդը` գոնե մեզ համար` ամենաթանկ բանն է:

***

Պետք է մարդ, որքան կարող է, իր սիրտը պատսպարի հեռու, թեկուզ չքավորության մեջ: Որքան հնարավոր է, թեկուզ հենց միմիայն խաղաղ լինելու համար: Չէ որ կարելի է պակաս ապրել ու խաղաղ լինել:

*** Մարդիկ կան, որոնց սոսկ միայն գոյությունը, ներկայությունն ավելի շատ գործ է տեսնում, քան թե հազարավորների գործը:

***

Շատ հետաքրքրական բան է, երբ մարդը, թեկուզ ամենահետին, ամենաչնչին մարդը-բաց է անում իր սիրտը: Անդունդներ են սրտերը, լի~քը-լի~քը. ի~նչ չեք գտնիլ այնտեղ:

***

Սքանչելի բան է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում:

***

Մարդիկ վերցնենք. ամեն մարդ էլ մարդ է, բայց նրանցից ոմանք ունեն գեղեցիկ աչքեր, գրավիչ կերպարանք, անուշ ձայն և այլն արտաքուստ, կամ խելք ու շնորհք, ազնվություն ու անկեղծություն և այլ առաքինություններ: Սրանք էապես տարբերվում են ընդհանուրից, որոնք զուրկ են այդ բոլորից: Սրանք կենդանի բանաստեղծություններ են, բնության երգերն են: Ճշմարիտ, մի՞թե գեղեցիկ կնոջից ավելի սրտառուչ երգ կա, կամ առաքինի մարդուց ավելի վսեմ բանաստեղծություն:

***

Հիվանդությունն էլ, վիշտ էլ, սովորական անցավոր բաներ են ու թեթևանում են լավ աշխարհքում, լավ մարդկանց մեջ: Իսկ որտեղ մարդիկ են փչացած, գազան ու սրիկա, անազնիվ ու խարդախ են, էնտեղ, իհարկե, դժոխք է: Իսկ դժոխքում կյանքը տանջանք է:

***

Երկրագնդի բոլոր ժողովուրդների ստեղծագործության հիմնական մոտիվը խաղաղության պատգամն է:

***

Մարդ պետք է ապրի իր ժամանակի գաղափարներով, թեկուզ նա տանջվի, զոհվի, բայց պիտի զգա, որ գնում է բարձր ու վեհ գաղափարների ճամփով…. Հեշտ չէ էդ ճամփեն, բայց ո՞ր լավ բանն է հեշտ էս աշխարհում…

***

Հետաքրքրվելով տիեզերական մեծ հարցերով, բնությամբ, մարդ կմոտենա տիեզերքին ու կյանքի մանր խնդիրները կփոքրանան, մարդ էլ չի հուսահատվի:

***

Առհասարակ կարծում են, թե հարեմը ստրկություն է կնոջ համար: Դա սխալ է: Հարեմը ստրկություն չի, այլ շատ ավելի ցած ու ամոթալի մի վիճակ: Ստրուկը կարող է ասել, թե ես աշխատում եմ ու իմ աշխատանքով հա՛մ ուրիշներին եմ պահում, հա՛մ ես եմ ապրում և ավելի շատ ուրիշներն են ապրում իմ աշխատանքով: Իսկ հարեմի կինը ոչ միայն չի աշխատում ու ոչ ոքի չի պահում, այլ ինքն էլ ապրում է իր էգության հաշվին, մի դրություն, որ, եթե չեմ սխալվում, չկա ամբողջ կենդանական աշխարհքում, և միայն մարդն է ստեղծել, զարգացրել ու վերջը պսակել հարեմով:

***

Հաճախ մեր աչքերը նման են պարզ լուսամուտի. ետևը մարդ չկա, տեսնողը չկա կամ թե չէ կա, երբեմն էլ կա` թմրած է, աչքը վրեն չի, կամ ուղղակի քնած է և եթե կուզեք` ամենից ավելի հաճախ կույր է:

***

Նայեցի տիեզերքի մեծությանը, սուզվեցի նրա անեզրության մեջ… Հասու եղա աստղերի կյանքին ու մարդու ոչնչությանը: Նայեցի բնությանը և նրա բոլոր արարածներին: Եվ ինչո՞վ է պարծենում մարդը. նա մինն է նրանցից և ուրիշ ոչինչ, նրանց անգիտակ: Նայեցի բոլոր մարդկանց և իշխաններին, և՛ հասարակին, և՛ աղքատին, և՛ փարթամին: Երջանիկն է ամենից ուժեղը` նրան ոչինչ չի պակասում, նրան ոչնչով չի վախեցնում, նա հանգիստ է ու առողջ: Նայեցի մարդուն իր ծննդյան օրի մինչև մահը – ամեն դիրքի վրա, նա է միայն բարձրը, որ կանգնած է իր ոտքերի վրա, նա է միայն գեղեցիկ, որ լուսավորված է իր սեփական լույսով, իր ներքին լույսով լուսավորվում է իրենից:

***

Եթե աշխարհքը մեզ հետ չի գալիս, մենք պետք է աշխարհքի հետ գնանք: Մեր ուժի պատածը պետք է անենք, ավելին հո չենք կարող:

***

Իշխանությունը մարդկանց կուրացնում է, եթե մարդիկ ավելի փոքր են, քան իրենց պաշտոնը, հարբեցնում է, եթե ավելի տկար են, քան իրենց պաշտոնը:

***

Ճանապարհներ կան, որ տանում են անդունդի, և կույր գնացողը առհասարակ չի նկատում: Երբ որ ափն է հասնում, նոր է նկատում. իսկ շատերը ընկնելուց հետո են իմաստուն դառնում:

***

Իմ կարծիքով սուտ է, որ ասում են` ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին: Ընդհակառակը` առհասարակ կառավարությունները արժանի չեն իրենց ժողովուրդներին, և շատ քիչ կառավարություն կարող է լինել, որ արժանի լինի իր ժողովրդին և լինի ժողովրդի հետ ու նրա ներկայացուցիչը: Օրինակ էնպես, ինչպես բանաստեղծը:

***

Խանութում վաճառվող շշի գինիներից հազարից մեկն է իսկականը լինում և սովորաբար կեղծ է լինում, իսկ այգու ողկույզի հյութը ո՛չ կեղծ կարող է լինել և ո՛չ էլ հնար կա կեղծելու: Դրանցից մեկը գինեվաճառն է լցնում, մյուսը` բնությունն ինքը:

***