/tangaran/works.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Ստեղծագործական կյանքի փուլերը
Բանաստեղծու-
թյուններ
Պոեմներ
Լեգենդներ և բալլադներ
Քառյակներ
Պատմվածքներ
Հեքիաթներ
Թարգմանություններ և փոխադրություններ
Քննադատություններ և հրապարակա-
խոսություններ
Ուսումնասիրու-
թյուններ
Հայրենագիտական խաղեր
Ասույթներ
Մեծերը Թումանյանի գնահատմամբ

Ծաղիկների երգը

Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.
Արևը
― Սիրուն աղջի՜կ, ի՞նչ ղըրկեմ քեզ:
Աղջիկը
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես:
Արևը
— Ա՜յ աղբյուրներ, ա՜յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ.
Դո՜ւրս եկեք, դո՛ւրս,
Շո՛ւտ, դեպի լուս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցեք
Ու կանչեցեք
Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին:
Ջրերը
Վո՜ւշ-վո՜ւշ, վո՜ւշ-վո՜ւշ,
Էս ի՛նչքան ուշ...
Աղջի՜, աղջի՜, ծիլ-ծաղիկներ,
Քա՞նի քընեք, վե՜ր կացեք, վե՜ր,
Խընկածաղիկ,
Ծընկածաղիկ,
Արևքուրիկ
Շար-շարուրիկ
Հասմիկ, հափրուկ,
Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Աղավնարոտ,
Կոճղեզ, ճանդուկ,
Քուրդ, ճարճատուկ,
Հարսնածաղիկ,
Ոսկեծաղիկ,
Խաշխաշ, ծըծուկ,
Վարդ, երիցուկ,
Մուշկ — վաղմեռուկ,
Պուտ, վառվըռուկ,
Շըրվան, մըրվան,
Շուշան, ռեհան,
Ապրեմ-չապրեմ,
Բուրեմ-մարեմ...
Քանի՞ քընեք հողի միջին,
Եկեք էստեղ, սարի լանջին,
Առվի ափին. հով ըստվերում,
Ժայռի տակին, հովիտներում,
Կանաչ խոտով,
Անուշ հոտով,
Ծիծաղեցեք
Ու ծաղկեցեք:
Ծաղիկները
— Բարև, բարև, կարմիր արև,
Ա՛խ, ի՜նչ լավ է դեպի վերև —
Ազա՛տ, լո՛ւյս, տա՛ք,
Կապո՛ւյտ, հըստա՛կ...
Արևը
— Սիրո՞ւմ եք ինձ...
Ծաղիկները
— Ա՛խ էնպես եմ սիրում, էնպե՛ս,
Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես...
— Ես քեզ հետ եմ ուր որ գընաս...
— Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս...
Արևը
— Ապա եթե ձեզ համբուրե՞մ....
Ծաղիկները
— Ես հաճույքից կըկարմրեմ....
— Ես կըբուրեմ...
— Ես կըմարեմ...
Արևը
— Ա՜յ անուշներ,
Ա՜յ քընքուշներ,
Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ,
Բաժակներդ բացեք իմ դեմ,
Հազար գույնի, հազար ձևի,
Պայծառ, ծավի ու ծարավի,
Լըցնեմ շողով,
Գոհար ցողով,
Ջերմ եթերով,
Նուրբ թըրթիռով,
Կյանքի հյութով,
Խունկի հոտով,
Ա՜յ անուշներ,
Ա՜յ քնքուշներ...
Աղջիկը
— Էս ի՛նչ անթիվ ծաղիկներ կան.
Ոսկի-դեղին, կարմիր, ղեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
Ալ, նարընջի, մավի, կապուտ,
Բացվել, լըցվել, ծաղկել են վառ,
Ողջ ինձ համա՛ր, ողջ ինչ համա՛ր...

1914