/tangaran/works.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Ստեղծագործական կյանքի փուլերը
Բանաստեղծու-
թյուններ
Պոեմներ
Լեգենդներ և բալլադներ
Քառյակներ
Պատմվածքներ
Հեքիաթներ
Թարգմանություններ և փոխադրություններ
Քննադատություններ և հրապարակա-
խոսություններ
Ուսումնասիրու-
թյուններ
Հայրենագիտական խաղեր
Ասույթներ
Մեծերը Թումանյանի գնահատմամբ

Անգիտակից թշնամիներ

Վրացական «Закавказская речь» թերթը նեղացել է, թե ինչու Հայ Գրողների ընկերությունը դիմել է ուր հարկն է, որ Թիֆլիսի մեծ երգչի արձանի բացման առիթով Ալրի կամ Թուրքի մեյդան կոչված հրապարակը, որի կողքին թաղված է Սայաթ-Նովան, կոչվի Սայաթ-Նովայի հրապարակ։ Սրա մեջ նկատում է հայերի կողմից Թիֆլիսը զավթելու դիտավորություն և վատ կրքեր է հուզում։
Նույն տեսակ աղմուկ է բարձրացրել ռուսական «Голос Кавказа» թերթը Խ. Աբովյանի արձանի համար, որ կանգնելու է Երևանում, և հորդորում է իշխանությանը՝ ետ առնել իր տված իրավունքը։
Սրանով, իհարկե, իբրև թե ամեն մեկն իր հայրենիքի ու ազգի շահն է պաշտպանում հայերի դեմ։ Մի կողմ թողնելով ավելի լայն հայացքը, ես ուզում եմ նկատել, թե էս մարդիկ լավ էլ չեն հասկանում, թե ինչի դեմ են խոսում, և հենց թեկուզ իրենց նեղ տեսակետից էլ եթե առնենք խնդիրը – դեմ չպետք է լինեին ո՛չ մեկը և ո՛չ մյուսը։
Ահա թե ինչո՛ւ։
Խ. Աբովյանը մի մոլեռանդ, ռուսասեր էր, նրա «Վերք Հայաստանին» հայ ժողովրդի տանջանքի ու տենչանքի արտահայտությունը լինելով հանդերձ՝ միաժամանակ մի ոգևորված ջատագովություն է ռուս ազգին ու նրա պետական ուժին, և առաջ քաշել Խ. Աբովյանին, կնշանակի հայերի մեջ արծարծել նաև սեր ու համակրանք դեպի ռուս ազգն ու ռուս պետությունը։
Եվ հանկարծ... էս մարդու հիշատակին դեմ է մի ռուս թերթ։
Ի՛նչ խոսք, որ սա չի հասկանում, թե որտեղ և ում դեմ է խոսում, և եթե չար է, նեղսիրտ ու փոքրոգի, ապա նաև անգիտակից է, և անգիտակից թշնամի ամենից առաջ իր ազգին ու հայրենիքին, որովհետև ուզում է ետ մղել իր ազգի ու հայրենիքի մեծ բարեկամներին և նրանց տեղը ստեղծել՝ թշնամիներ։
Նույնը պետք է ասեմ և վրացական «Закавк. речь»–ին։
Ո՞վ է Սայաթ-Նովան։ Մի երգիչ, որ համազոր ուժով ու սիրով երգել է թե հայերեն, թե վրացերեն և թե թուրքերեն։ Մի համակովկասյան երգիչ, որ ամենից քիչ երգել է հայերեն։ Մի երգիչ, որին վրաց գրականության պատմությունը անվանում է՝ Վրաստանի երգիչ։ Բաց արեք վրացի պրոֆ. Ա. Խախանովի վրաց գրականության պատմության երրորդ գիրքը, էջ 218, կտեսնեք Սայաթ-Նովա վերնագրով մի առանձին գլուխ, որ սկսում է հետևյալ տողերով.
«Աղա Մահմադ խանի Թիֆլիսն առնելու ժամանակ սպանվեց Վրաստանի նշանավոր երգիչ Սայաթ-Նովան։ Նա Հերակլ 2-րդ թագավորի պալատական աշուղն էր (Трубадур)։ Հարյուր տարի սրանից առաջ Սայաթ-Նովայի անունը հին Թիֆլիսում հռչակված էր ամենուրեք, թագավորական պալատից սկսած մինչև արհեստավորի խրճիթը»։
Եվ վերջանում է հետևյալ խոսքերով.
«Սայաթ-Նովան միայն վրացերեն չի գրել, այլ նաև հայերեն ու թուրքերեն, որ դեռ մնում են անտիպ»։
Սրա մեջ ասված է միայն, որ նա ծնունդով հայ էր և գրել է նաև հայերեն։
Եվ էս տեսակ մի երգիչ, որին հենց իրենց-վրացիների ասելով ամենից շատ իրենք են երախտապարտ, մի երգիչ, որ հավասար թանկ է Կովկասյան բոլոր ազգությունների համար, մի երգիչ, որ միայն սեր է արծարծել դեպի վրացին, վրացական լեզուն ու Վրաստանը, մի երգիչ, որ Թիֆլիս քաղաքի ամենամեծ պարծանքներից մինն է, հանկարծ իր հիշատակով, իր անվանը տված հարգանքով շարժում Է վրացիներից ոմանց մաղձն ու զայրույթը։
Եվ էդ ոմանք, թեկուզ և ազգով վրացի, հայերին նեղսիրտ, չարակամ լինելուց առաջ Վրաստանի թշնամիներն են, որովհետև վեր են կենում ու խոսում նրա հոյակապ ու սիրելի երգիչներից մեկի` Սայաթ–Նովայի անվան ու հիշատակի դեմ։
Այո, սրանք անգիտակից թշնամիներ են ամենից առաջ հենց իրենց հայրենիքին ու ազգին, ռուս թերթը՝ ռուսին ու Ռուսաստանին, վրացական թերթը՝ վրացուն ու Վրաստանին։ Եվ սրանց համար է ասված, թե՝ պետք է ներել, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում։

1913