/tangaran/works.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Ստեղծագործական կյանքի փուլերը
Բանաստեղծու-
թյուններ
Պոեմներ
Լեգենդներ և բալլադներ
Քառյակներ
Պատմվածքներ
Հեքիաթներ
Թարգմանություններ և փոխադրություններ
Քննադատություններ և հրապարակա-
խոսություններ
Ուսումնասիրու-
թյուններ
Հայրենագիտական խաղեր
Ասույթներ
Մեծերը Թումանյանի գնահատմամբ

Լսենք ու պաշտպանենք

Արդյոք մի որևէ ձևով վճռվե՞ց հայկական հարցը։ Արդյոք վերացա՞վ տաճկահայոց ամբողջ կյանքի ու մեր հոգու վրից էդ կարմիր մղձավանջը, և կարո՞ղ ենք այսուհետև հանգիստ սրտով նվիրվել կուլտուրական աշխատանքի ու ավելի լայն խնդիրների։
Ո՞վ գիտի։
Չնայելով հայոց կաթողիկոսի ու նրա ներկայացուցիչ Նուբար փաշայի շնորհավորական հեռագիրներին՝ հայ ժողովուրդն ամեն տեղ էս հարցի դեմը խորին լռություն է պահպանում, ծանր ու իմաստուն մի լռություն, իսկ երիտասարդ թուրքերը Ռուսաստանի սահմանի վրա զորահանդեսներ են սարքում։
Այո՛, գուցե վերջը չի հայկական հարցի, բայց վերջի սկիզբն է։ Դրա համար էլ խորհրդավոր է և էն համատարած խլրտումը, որ նկատվում է մեր կուլտուրական կյանքում – դպրոցի, գրականության, գիտության – ուսումնասիրության ու բանասիրության ասպարեզներում։ Սա էլ սկիզբն է մի նոր վերածնության, որի համար մենք բավականաչափ ուժեր ու տրամադրություն ունենք արդեն։ Հինը ենթարկվում է վերագնահատության, առաջադրվում են նոր, ավելի լուրջ պահանջներ, և ամենամեծ պահանջը— պարզ հասկանալ...
Պարզ հասկանալ մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր գրականությունը, մեր պատմությունը ու մեր պատմական հիշատակարանները։ Մինչև այժմ նրանք խոսել են մեր սրտի հետ, և մենք սիրել ենք զգացմունքով, անխտիր, հախուռն, առանց հասկանալու, թե ինչ ենք սիրում և ինչու, այժմ գալիս է ժամանակը՝ նրանց էությանը ներհմուտ լինելու, նրանց լեզուն ու միտքը հասկանալու, և էդ նպատակի համար են և Գրական Ընկերություն, և Ազգագրական Ընկերություն, և Պատմական Ընկերություն, և Երաժշտական Ընկերություն, և ուրիշ նման ընկերություններն ու մասնավոր ձեռնհաս անհատների ջանքերը։
Էս ճանապարհին ինչպես կլինեն շատ հայտնություններ ու հիացումներ, էնպես էլ անխուսափելի են շատ հիասթափություններ, բայց էս է հաստատ ու ճշմարիտ ճանապարհը։
Պետք է լռեն վերջապես բոլոր նրանք, որոնք խոսել են ու խոսում են և՛ ժողովրդի անունից, և՛ գրականության, և՛ պատմության, և՛ գիտության – միմիայն մարդկանց աչքերին թոզ փչելու համար, կուրացնելու ու իրենց ետևից տանելու համար, իրենց համար առաջնորդողի դիրք ու աթոռ ստեղծելու համար, և հանդես պետք է գան ու խոսեն նրանք, որոնք երկար տքնությամբ ու ճգնությամբ ուսումնասիրել ու սիրել են իրենց խոսքի առարկան և չեն գալիս դիրք ու աթոռ գրավելու հավակնությամբ, այլ գիտությանն ու գեղարվեստին ծառայելու պատրաստակամությամբ։
Ահա՛ նրանցից մեկը – ճարտարապետ Թորոս Թորամանյանը, տասնումեկ տարի լուռ ու մունջ, հազար ու մի զրկանքով հայոց ավերակներում աշխատելուց հետո վերջապես հրապարակ է գալիս խոսելու հայոց ճարտարապետության, նրա ծագման, զարգացման ու հարաբերությունների մասին։ Եվ երկու նշանավոր գիտնականներ էս տեսակ վկայություն են տալիս նրա համար։ Պրոֆ. Մառը իր մի աշխատության մեջ վկայում է, թե պ. Թորամանյանը հայոց ճարտարապետության հիշատակարանների լեզվի առաջին ուսուցիչն է։ Իսկ պրոֆ. Ստրիժիգովսկին ասում է. ճարտարապետ Թորամանյանը մի մեծ նորություն է բաց անում ամբողջ Եվրոպայի առջև։
Պետք է լսենք ու պաշտպանենք հայոց ճարտարապետական հիշատակարանների լեզվի առաջին ուսուցչին, թև ու թիկունք պետք է լինենք մեր ազգային ստեղծագործական հանճարը հայտնագործող ու վեր հանող վաստակավորին։

1914