Առաջին ձյունը

— Վա՛յ, մա՜յրիկ ջան, տե՛ս,
Բակն ու դուռը լի
Ի՛նչքան ըսպիտակ
Թիթեռ է գալի...
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
— Չէ՜, իմ անուշի՜կ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի:

1907

***

Գրիչ

Ի՞նչ կըլինի, ասա, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ:
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.
Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես:
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել:
Եկ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,
Էնպես ուղիղ, սիրուն, բարակ:
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն, կարծես,
Փոքրիկ ծըտի ճանկերի պես:

1907

***

Իրիկուն

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»:
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.
«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»:
Թռչնակը երգում է ծառի վրա, հանկարծ լսեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՜չ տերև է սըվսըվում,
Ո՜չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»:
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՜չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՜չ տերև է սըվսըվում,
Ո՜չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»:
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՜չ նապաստակ է վազ տալի,
Ո՜չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՜չ տերև է սըվսըվում,
Ո՜չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»:
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՛նչ լավ է, ասավ,
Ո՜չ որսորդ է ման գալի,
Ո՜չ նապաստակ վազ տալի
Ո՜չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՜չ տերև է սըվսըվում,
Ո՜չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»:

1907

***

Աշուն

Դեղնած դաշտերին իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն:
Պաղ-պաղ մեգի հետ
Փըչում է քամին,
Քըշում է տանում
Տերևը դեղին:
Տըխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն:

1908

***

Ծաղիկները

— Ո՞ւր գնացին ծաղիկները:
— Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկըված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:


Կըգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմրան սաստիկ ցրտերի հետ
Ձյան-ծածկոցը կըտանի:


«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան:

1908

***

Ծիտիկի օրորքը

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փըչի՜, հովիկ, փըչի՜,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՛, ծիտիկ, նանի՛:


Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փըչի՜, հովիկ, փըչի՜,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՛, ծիտիկ, նանի՛:


Բայց տե՜ս, ծիտիկը քընից չըզարթնի.
Կամա՜ց փըչի, կամա՜ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՛, ծիտիկ, նանի՛:

1908

***

Մարտը

Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս:
Ղսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ:
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս...
Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս:

1908

***

Շունը

Հաֆ-հա՜ֆ, հաֆ-հա՜ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՜ֆ, հաֆ-հա՜ֆ,
Ու տունն այսպես
Պահում եմ ես:
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,
Պոչըս շարժում:
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն, —
Հաֆ-հա՜ֆ, հաֆ-հա՜ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՜ֆ, հաֆ-հա՜ֆ,
Ու տունն այսպես
Պահում եմ ես:

1908