Հովհ. Թումանյանը նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում: Նրա առաջին ուսուցիչը, որից սովորել է իր նախնական գրաճանաչությունը, եղել է հայրը՝ Տեր-Թադևոսը՝ գյուղի գրագետ ու առաջադեմ անձնավորություններից մեկը:
Ապա՝ ութ տարեկան հասակում գյուղի մի խումբ երեխաների հետ հաճախել է իր հորեղբոր՝ Գրիշկա բիձու նորաբաց դպրոցը, որտեղ աշակերտները մատիտներն արճիճից էին պատրաստում, թանաքն էլ՝ կակաչ ծաղկից: Բացի գրել-կարդալուց, մանուկ Հովհաննեսը հորեղբոր մոտ սովորել է նաև երգել, քանի որ Գրիշկա բիձան «լավ ձայնավոր տիրացու» էր: Այստեղ Թումանյանը սովորել է մի քանի ամիս. ուսուցումն անկանոն է եղել և շուտով դադարել է:
Այնուհետև մանուկ Հովհաննեսն ընդունվել է Սահակ վարժապետի դպրոցը:
Թումանյանի մոր՝ Սոնայի նախաձեռնությամբ Դսեղի հասարակության, ի դեմս հոգաբարձուների, և տիրացու Սահակի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ վերջինիս տարեկան վճարվելու էր 130 ռուբլի, և աշակերտների թիվը չէր գերազնացելու 35-ը:
Սահակ վարժապետի դպրոցը Տեր-Թոդիկյան տիպի էր. նա մտավոր չնչին պաշարի դիմաց կիրառում էր մանկավարժական խիստ մեթոդներ՝ երկաթե գավազանով ու մեծ կաղնենու քանոնով ծեծ, հայհոյանք:
Այն ժամանակ նման անաստված ծեծն ընդունված էր գյուղական ուսումնարաններում: «Մանկավարժական տեռորից» Թումանյանը զերծ է մնացել. ինչպես բանաստեղծն ինքն է գրել ինքնակենսագրական նոթերում. «վարժապետը քաշվում էր հորիցս, մանավանդ մորիցս էր վախենում»:
Սահակ վարժապետի դպրոցում Թումանյանը սովորել է մեկ տարուց ոչ ավելի (1878/79 ուս. տարում): Դպրոցական առաջին տարիներին բանաստեղծը գիտելիքի մեծ պաշարի փոխարեն ստացել է այն նվազագույնը, որը անհրաժեշտ էր բորբոքելու իմացության ծարավը և մղելու ինքնազարգացմանը:
Այս դպրոցի փակվելուց հետո սկսվում է Թումանյանի ուսումնառության հաջորդ փուլը Ջալալօղլում: