Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը:
Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը:
Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից:
Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված: