1900-ական թթ. Թումանյանի հասարակական կյանքը այլևս չէր կարող վրիպել ցարական կառավարության պահնորդական բաժնի գործակալների ուշադրությունից: Պետերբուրգ ուղարկվող գաղտնի ամփոփագրերի, հաշվետվությունների ու զեկուցագրերի մեջ առաջին փաստաթուղթը, որտեղ հիշատակվում է բանաստեղծի անունը՝ հարցականով, թվագրված է 1901 թ. հունիսի 7: Դա Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության անդամների ցուցակն էր՝ անբարեհույս քաղաքացիների անուններով: Այդ շրջանում, երբ գոլիցինյան հրամանով դպրոցական ծրագրերից հանվել էին հայոց լեզուն և գրականությունը, որպես հակակշիռ, Թիֆլիսում ստեղծվել էր «Ծիածան» գաղտնի աշակերտական խմբակը, որի անդամների հետ, ինչպես Ն. Աղբալյանը, Դ. Դեմիրճյանը, Թումանյանը ևս հայագիտական դասեր էր վարում:
1900 թ. բանաստեղծը անդամագրվում է նաև Ե. Լալայանի հիմնադրած Ազգագրական հրատարակչական ընկերակցությանը, որի գործունեությունը նույնպես չէր խրախուսվում ժանդարմական վարչության կողմից: Այդ պատճառով մի քանի անգամ Թումանյանը հետապնդվել է ոստիկանների կողմից, և նրա տանը խուզարկություններ են կատարվել:
1899 թ. Թումանյանի՝ Բեհբության փողոցի թիվ 50 տանը (5-րդ հարկ) ստեղծվում է գրական խմբակ: Ֆրանսիացի Գոնկուր եղբայրների օրինակով, որոնք վերնահարկում գործող իրենց գրական խմբակը կոչել էին «Ամբար», առաջարկվեց «Վերնատուն» անունը՝ իբրև բարձրահարկ բնակարանին հարմար անուն: Բայց ինչպես Դ. Դեմիրճյանն է նշում.«Դա հիշեցնում էր մի ուրիշ վերնատուն, ուր հավաքվեցին Քրիստոսի աշակերտները: Դրա մեջ ինչ-որ հոգեկան ներքին իմաստ կար…»: Հիմնադիր անդամներն էին ՝ Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Ն. Աղբալյանը, Ղ. Աղայանը, Դ. Դեմիրճյանը և Լ. Շանթը: «Մեզնից ամեն մեկը մի անուն ուներ: Իմը Շեքսպիր էր, շատ էի սիրում նրան և ես էլ նրա նման շատ երեխաներ ունեի: Նիկոլը՝ Բրանդես-նա էր մեր քննադատը: Դերենիկը՝-Բայրոն: Բայրոնիզմով էր տարված: Շանթը՝-Հայնե: Հայնեին էր սիրում, միրուքն էլ նրա նման սուր էր, Ավոն՝- Նիցշե, նրանով էր ոգևորված, իսկ Աղայանին՝ մեզնից ամենաավագին Նահապետ էինք ասում»,- երանելի ժամանակների մասին այսպես էր հիշում Թումանյանը: Խմբակի մշտական այցելուներն էին գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, արվեստագետներ, գիտնականներ, հասարակական գործիչներ, նաև Թիֆլիս ժամանած հյուրեր: Անվանումը քաղաքացիություն ստացավ և ճանաչվեց հասարակության կողմից:
«Վերնատան» հավաքույթներին քննարկում էին զանազան գրական ու մշակութային, աշխարհաքաղաքական հարցեր, կարդում ու վերլուծում համաշխարհային գրականություն, անդրադառնում նոր լույս տեսած գրքերին: Հանդիպումներն ավարտվում էին ուրախ ժամանցով. թեյ, սուրճ, ընթրիք, երգ, զվարճալի պատմություններ և այլն:
Այդ շրջանում Թումանյանը գրում է մի շարք բանաստեղծություններ («Տրտմության սաղմոսներ» շարքը, «Մութ ու խավար իմ հայրենիք» բանաստեղծությունը և այլն), կատարում թարգմանություններ (Բայրոնի «Մնաս բարյավ», Մ. Կոնոպնիցկայայի «Պրոմեթևս և Սիզիֆ» պոեմից մի հատված): Պուշկինի ծննդյան 100-ամյակը Թումանյանը նշանավորում է իր երկու հոյակապ թարգմանություններով՝ «Օլեգի երգը» և «Ջրահեղձը» բալլադներով:
Բայրոնի «Շիլիոնի կալանավորը» թարգամանության առթիվ Մ. Տեր-Անդրեասյանը բանաստեղծին հասցեագրած նամակում գրում է. «Շիլիոնդ» համեմատեցի բնագրի հետ: Ուղղակի զարմանալի է, թե ինչպե՞ս է հաջողվել քեզ, անգլերեն չիմանալով, մի այդպիսի հոյակապ թարգմանություն տալ մեզ…»: Թումանյանը, առհասարակ, թարգմանության մասին ուներ, իհարկե, իր պատկերացումը. «Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է՝ գրեթե անկարելի է, որ թարգմանիչը տա բնագրի հարազատ բույրն ու հրապույրը: Սակայն միշտ պահանջելի է, որ նա հավատարիմ մնա գործի մտքին և հասկանալի տա ընթերցողին»:
1901թ. ամռանը բանաստեղծին հաջողվել է և՛ լիարժեք հանգստանալ, և՛ ճանապարհորդել (Ուրավել, Ախալցխա, Աբասթուման, Ախալքալաք, Ալեքսանդրապոլ, Անի): Ջավախքում տեսել է Թմուկ բերդի ավերակները: Շրջակայքը շատ մեծ տպավորություն է թողել Թումանյանի վրա: Նա տեղացիներին խնդրել է պատմել բերդի հետ կապված իրենց իմացած ավանդությունները: Ինքը հրաշալի գիտեր այդ լեգենդը՝ զետեղված «Ջավախքի բուրմունք» ժողովածուի մեջ: 1902թ. գրում է «Թմկաբերդի առումը» պոեմը, որտեղ բանաստեղծը արծարծում է փիլիսոփայական հավերժական թեմաներ՝ չարի ու բարու անվերջ պայքար, սեր և դավաճանություն, հերոսություն, մարդու վաղանցուկ կյանքի ու նրա կատարած լավ գործի հարատևության խորհուրդը:
Ջավախքում վայելել է նաև Փարվանա լճի գեղեցկությունը: Այդտեղ է ծնվել «Փարվանա»-ի նախերգանքը:
Մի փոքր ուշ իրականություն է դառնում գրողի երազանքը՝ տեսնել Հայոց երբեմնի շքեղ մայրաքաղաք Անին: Նրան ուղեկցում էր բանաստեղծ ընկերը՝ Ավ, Իսահակյանը: Վերջինս հետևյալ կերպ է արձանագրել այդ հանդիպումը. «Մոտենում ենք Անիի հոյակապ պարիսպներին ու բուրգերին: Օհանեսը հուզված է, ոչինչ չի ասում, միայն արագացնում է քայլերը՝ հայացքը շարունակ պարիսպներին»: Թումանյանն իր լուսանկարչական գործիքով անմահացնում է ավերակների մեջ էլ իր վեհությունն ու հրաշագեղությունը պահպանած Անիի բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ ու տեսարաններ:
Անի այցելողների հուշամատյանում Թումանյանը թողել է հետևյալ գրառումը.
Մենք փառքեր ունենք թաղված հողի տակ,
Մենք հույսեր ունենք պահված մեր երկրում.
Մի՞թե հավիտյան կողբանք ավերակ,
Մի՞թե հավիտյան կըմնանք տրտում:
Նույն տարվա վերջում ԱՄ («Աղբյուր»-«Տարազ»-մատենադարան) մատենաշարով լույս են տեսնում «Անբախտ վաճառականներ», «Կտակ», «Տխուր զրույց», «Արծիվն ու կաղնին», «Արջաորս» ստեղծագործությունները:
Այդ շրջանում գրված հոդվածներից են «Գյուղական ուսումնարանների առիթով», «Գրողի նամակները»: Գրել է նաև «Հովհաննես թագավոր (1021-1022)» ողբերգության մի քանի հատված, աշխատել «Անուշ» պոեմի վերջնական տարբերակի վրա:
1900-1902 թթ. Թումանյանը հնարավորություն ունեցավ հանգստանալու, բուժվելու և աշխատելու Ուրավելում, Աբասթումանում: «Չեմ սխալվիլ, եթե ասեմ՝ իմ գրվածքների իննսուն տոկոսը հիվանդ ժամանակ եմ գրել և մեկ էլ, երբ հիվանդության պատճառով մի տեղ են ղրկել… հատկապես Աբասթումանում»: Դա եղավ նրա բուռն ստեղծագործական վերելքի շրջանը: Այստեղ նա գրեց իր լավագույն գործերից շատերը՝ «Փարվանան», «Թմկաբերդի առումը», «Սասունցի Դավիթը», վերջնական տեսքի բերեց «Անուշը» և այլ գործեր: Այս շրջանը գրականագետները անվանեցին «Աբասթումանյան աշուն»: Այդ հարուստ «բերքահավաքը» ամփոփվեց 1903թ. Թիֆլիսում լույս տեսած «Բանաստեղծություններ» շքեղ հատորյակում, որի տպագրական ծախսերը մեծ սիրով և պատրաստակամությամբ հոգաց բարերար, հասարակական և ազգային գործիչ, Թումանյանի պոեզիայի երկրպագու և ջերմ բարեկամ իշխանուհի Մարիամ Թումանյանը: Վերջինս քաջ գիտակցում էր, որ իր նմանօրինակ քայլը առաջին հերթին միտված էր հայկական մշակույթի զարգացմանը: