«Անուշի» ստեղծագործական պատմությունը, հաճախ մեծ ընդհատումներով, ընդգրկում է ավելի քան երեք տասնամյակ (1890-1922): Այդ ընթացքում ստեղծվել են պոեմի ավարտուն և անավարտ, տպագիր և ձեռագիր մի քանի տարբերակ, բազմաթիվ սևագիր հատվածներ, որոնց միայն մի մասն է պահպանվել:
Առաջին հիշատակությունը «Անուշի» մասին երևան է գալիս 1890 թ. հուլիսի 6-ին Անուշավան Աբովյանին հղած նամակում, ուր բանաստեղծը գրել է. «Իմ տետրակն արդեն ուղարկված է Մոսկվա տպագրելու... Հետո քեզ կուղարկեմ իմ նոր գրածներից (տետրակից հետո), ի թիվս այլոց և մի պոեմա «Անուշ» վերնագրով, Լոռու կյանքից»:
«Անուշի», իբրև արդեն ավարտված ստեղծագործության, մասին հիշատակություն կա նույն Ան. Աբովյանին հասցեագրած 1890 թ. նոյեմբերի 1-ի նամակում, ուր հայտնվում է նաև, թե այդ պոեմը «մի անուշ ընկերոջ անվան է նվիրված» (այսինքն` Անուշավան Աբովյանին): Մի քանի ամիս անց` 1891 թ. փետրվարի 8-ին Թումանյանն ընկերոջը հայտնում է. «Անուշը», որ իմ մյուս պոեմաներից մեծ է և հաջողված, գուցե հանձնեմ «Մուրճ»-ին. ի՞նչ կասես: «Անուշի» նախերգանքը, որ ձոն է մի ընկերոջ, որին նվիրված է «Անուշը», ուզում էի այստեղ գրել, բայց տեղ չկա. հետո»:
«Անուշ» պոեմը «Մուրճ» ամսագրում չտպագրվեց: Թերևս ինքը` Թումանյանն է հետ կանգնել այդ մտադրությունից` հետևելով Ան. Աբովյանի խորհրդին, որը 1891 թ. մարտի 12-ին բանաստեղծին գրել էր. «Անուշ» պոեմայիդ սկզբի գլուխներից փոքր ի շատե մի հավանական գաղափար կազմելով, եթե ինձ կլսես, խորհուրդ չեմ տալ «Մուրճի» կամ մի այլ ամսագրի մեջ տպել տալու: Իմ կարծիքով` այդպիսի մի գեղեցիկ պոեման, որը ճոխ զարդ է կազմելու քո «Բանաստեղծությունների» II հատորի համար, ամսագրում տպվելով անշուշտ կորցնելու է յուր հարստությունը... Ուրիշ մանր-մունր բանաստեղծություններ կամ փոքրիկ պոեմաներ, որոնց նմանը էլի ունես, կարող ես երբեմն «Մուրճի» մեջ տպել տալ, դրա դեմ ոչինչ չունեմ»:
Թումանյանի ստեղծագործական և գաղափարական արագ զարգացումը 90-ական թթ. նրան շուտով բերեց այն համոզմանը, որ անհրաժեշտ է արմատապես վերամշակել նահապետական գյուղաշխարհի մասին գրած իր պոեմները, խորացնել դեպքերի և կերպարների հոգեբանական հիմնավորումը, հրաժարվել ավելորդաբանություններից, ձգտել երկերի կառուցվածքի, լեզվի և ոճի ամբողջականության և միասնության: Ըստ երևույթին, «Անուշը» հիմնովին վերափոխելու ծրագիրը ծագել է 1890-ական թթ. կեսերին, ավելի կոնկրետ` վերամշակված «Լոռեցի Սաքոն» առանձին գրքույկով լույս ընծայելուց (1896) հետո:
Պոեմի այդ արմատական վերանայման աշխատանքները, սակայն, ծավալվեցին մի փոքր ավելի ուշ` 1901-1902 թթ.:
Սակայն պոեմի վերափոխման հիմնական աշխատանքը կատարվեց մի քանի ամիս անց` 1902 թ. ամռան և աշնան ամիսներին, երբ բանաստեղծը գտնվում էր Բելի Կլյուչ և ապա Աբասթուման ամառանոցներում, ուր բուժվելուն զուգընթաց պատրաստում էր իր չափածո երկերի նոր ժողովածուն: Հուլիսի 29-ին Բելի Կլյուչից Փ. Վարդազարյանին գրած նամակում նա կատակով հայտնում էր, որ ինքը «պաչինկա» է անում իր «Անուշը»: Իսկ տարիներ անց` 1909 թ. հուլիսի 18-ին Մարիամ Թումանյանին հասցեագրած նամակում, երանությամբ հիշելով 1902-ի «Աբասթումանի աշնանը» իր ապրած ստեղծագործական մեծ վերելքը, նա գրել է. «Ո՜րքան հիշողություններ ու անմոռանալի վայրկյաններ են կապված Աբասթումանի այս կամ այն փոքրիկ, խաղաղ, չքնաղ անկյունում: Այդտեղ ես շատ եմ երազել ու գրել եմ իմ մի քանի լավ բաները: Այդտեղ եմ մշակել «Անուշը», այդտեղ եմ գրել «Փարվանան» և այլ բաներ – հա՛, «Թմկաբերդի առումը»:
«Անուշի» առաջին (1892) և երկրորդ (1903) տպագրությունների միջև ընկած տասնամյակը Թումանյանի ստեղծագործական բուռն հասունացման, ժողովրդայնության և ռեալիզմի սկզբունքների համակողմանի խորացման ու հարստացման շրջան էր, և դա ըստ ամենայնի արտահայտվեց պոեմի նոր տարբերակի մեջ: Պահպանելով դեպքերի նույն սյուժետային ընթացքը` գյուղական երիտասարդների դժբախտ սիրո և կործանման մասին, Թումանյանը կերտեց կենսական-հոգեբանական և գաղափարական շատ ավելի խոր բովանդակություն ունեցող մի երկ, որն իր մեջ խտացնում է բանաստեղծի աշխարհայացքի, գեղարվեստական մեթոդի և վարպետության լավագույն կողմերը:
ՆԱԽԵՐԳԱՆՔ
(Համբարձման գիշերը)
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին` թըռչելով`
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։
― Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։
Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել`
Բարի ժըպտան իր սերին…
