«Լոռեցի Սաքոն» Թումանյանի առաջին պոեմներից է, որի վրա նա ընդմիջումներով աշխատել է երկար տարիներ: Առաջին տարբերակը գրվել է 1889 թվականին: Պոեմի մտահղացման համար հիմք ծառայած կենսական փաստի և նախատիպի մասին կա Թումանյանի վկայությունը «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրության մեջ. «Ռամազի Մաթոսը և Լռեցի Սաքոն»: Նույնը Թումանյանը հավաստել է նաև 1910-ական թթ. վերջին շարադրած ինքնակենսագրական նոթերում. «Մաթոսի խելագարությունը – Լոռեցի Սաքոն: Ջալալօղլի էի էս ժամանակ, թե՞ Թիֆլիս
Թումանյանի ժամանակակիցներից Տիգրան Փիրումյանը 1891 թ., բանաստեղծի պատմածների հիման վրա, ի թիվս այլ երկերի, որոշ տվյալներ է հաղորդում նաև այս պոեմի մտահղացման և տպագրության հանգամանքների մասին. «Լոռեցի Սաքոն Հովհաննես Թումանյանի ծառան է եղել, իսկ Ալեքը – Դսեղ գյուղի մի հայտնի ավազակ: Հեղինակին առաջին անգամ գլխի է գցել իր գրվածքները տպագրել Լևոն Մելիք-Ադամյանը, որը պատահմամբ նրա պատուհանի վրա «ընկած» գտնելով «Սաքոն» – կարդում է, սքանչանում, թերթում նաև նրա մյուս գրվածքները ու հորդորում է անպատճառ տպագրել» :
Այս տարբեր ու երբեմն իրար հակասող վկայությունների հիման վրա կարելի է ասել, որ «Լոռեցի Սաքոն» սկզբից ևեթ ծրագրված է եղել ոչ թե իբրև որևէ եզակի դեպքի, այլ որպես նահապետական աշխարհի բնորոշ երևույթներից մեկի` սնահավատության ողբերգական հետևանքների գրական արտացոլում: Պոեմի իրական նախատիպերից ո՛չ մեկը, իհարկե, նույնությամբ չի մտել ստեղծագործության մեջ, այլ ձևափոխվել է գեղարվեստական երևակայության և ընդհանրացման սկզբունքներով: Մի շարք վերամշակումներից հետո հասցվելով բարձր կատարելության, «Լոռեցի Սաքոն» ներկայանում է մեզ իբրև մարդու վրա բնության խորհրդավոր ու չճանաչված ուժերի ներգործության մասին պատմող համապարփակ մի երկ:
Դարասկզբին, ամենայն հավանականությամբ 1902 թ., երբ Թումանյանը պատրաստում էր իր բանաստեղծական գործերի նոր ժողովածուն, մի անգամ ևս վերամշակում է «Լոռեցի Սաքոն»: Այդ ժամանակ է ստեղծվել պոեմի երրորդ տարբերակը:
Սակայն, ինչպես ցույց են տալիս պահպանված նյութերը, 1903 թ. հետո էլ Թումանյանը մտածել է պոեմը վերամշակելու և լրացնելու մասին:
I
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը` խորունկ նոթերը կիտած`
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։
Նըրանց ոտքերում` գազազած գալի`
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,
Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ…
Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ` հըտպիտ* ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
*Հըտպիտ - խեղկատակ, ծաղրածու, միմոս
Ու կըրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ…
1889 թ.
