«Մարոն», ինչպես նշված է բանաստեղծի կենդանության ժամանակ եղած բոլոր երեք հրատարակություններում, գրվել է 1887 թ. և պետք է համարվի Թումանյանի ամենավաղ ստեղծված պոեմը:
«Մարոն» պոեմի կենսական հիմքը նահապետական գյուղաշխարհում աղջիկների վաղահաս բռնի ամուսնության և ընդհանրապես` կնոջ ստրկական վիճակի փաստերն են, որոնց մասին մի քանի տարի անց Թումանյանը հատուկ գրել է նաև «Բորչալվում» ակնարկի եզրափակիչ մասում: «Ժողովրդի բարոյական ու տնտեսական կյանքը ճանաչելու համար մի գեղեցիկ միջոց, մի հեշտ չափ կա – այդ կինն է,– կարդում ենք ակնարկում:– Կնոջ վիճակը հայտնում, ցույց է տալիս ինչպես անհատի, այնպես և հասարակության աշխարհայեցության սահմանը, զարգացման աստիճանը: Բորչալվում կինը դեռ դատապարտված է ավանդական արհամարհանքին, իբրև «առաջին մեղքի պատճառ», «դժոխքի դուռը», նզովված բոլոր սրբերից ու սրբություններից»:
«Մարոն» ներկայացնում է կնոջ այդ անարգված վիճակի մի ողբերգական դրվագ` դիտելով այն որպես նահապետական կյանքի և ըմբռնումների բնական հետևանք: Պոեմի գրության կոնկրետ շարժառիթի մասին պահպանվել է հեղինակի վկայությունը` «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառման մեջ: Այստեղ նշված է. «1. Զուռնաչի Սաքոյի աղջկա պատմությունը և «Մարոն»:
I
Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին`
Ձեռը տըված ճակատին`
Միտք է անում տըխրադեմ․
Ի՞նչ է ուզում` չըգիտեմ…
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր․
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս։
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի։
1887 թ.
