Թումանյանի բանտարկության և այս բանաստեղծության գրության շարժառիթների մասին խոսում են Ավ. Իսահակյանը, Լեոն, Աշխեն Թումանյանը և ուրիշներ: Իսահակյանը գրում է. «1908 թվի դեկտեմբեր ամսին, ցարական ժանդարմերիան Օհաննեսին և ինձ ձերբակալեց և, զանազան հակապետական մեղադրանքով, վեց ամիս պահեց Թիֆլիսի Մետեխի բանտում: Կամերաներով դրացի էինք իրար: Բանտում լրացավ, փետրվար ամսին, Օհաննեսի 40-ամյակը: Այդ առիթով նա գրեց «Վայրէջք» բանաստեղծությունը: Մենք տխրության ու ուրախության խառն զգացմունքով տոնեցինք նրա տարեդարձը»:
Նվարդ Թումանյանը հիշում է. «Մի օր` տեսակցության ժամանակ, հայրիկը Թամարին գրկելիս բարակ ծխախոտի թուղթ դրեց երեխայի գիրկը: Եկանք տուն, տեսանք ծխախոտի թղթի վրա գրված «Մի կաթիլ մեղրը» և «Վայրէջքը»: Վերջինը գրել էր ծննդյան 40-ամյակին` 1909 թվականի փետրվարին»:
Հիշում է նաև, թե տարիներ անց` 1920 թ. մայիսի 19-ին, ինչ է ասել հայրը իր այդ բանաստեղծության մասին. ««Վայրէջքը» իմ ամենալավ բանաստեղծություններից է, շատ է լավը, Մետեխի բանտում եմ գրել ծննդյանս 40-ամյակի օրը»:
Քառասուն տարի բըռնած ճանապարհ`
Շիտակ, անվեհեր
Գընում եմ ես վեր –
Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։
Քառասուն տարի ճամփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու։
1909 թ. փետրվարի 7
